Մի խորհրդական չկա՞, որ Ալեն Սիմոնյանին հուշի՝ «սիրուն չի, մի՛ արա»

Մի խորհրդական չկա՞, որ Ալեն Սիմոնյանին հուշի՝ «սիրուն չի, մի՛ արա»

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանի Հանրապետությունում երկրորդ մարդն է՝ ի պաշտոնե։ Առաջինը վեց տարի է՝ Նիկոլ Փաշինյանն է, երկրորդը՝ Ալենը։ Իհարկե, բնավ ուրախալի փաստ չէ դա, որ մեր երկրի առաջին դեմքը Նիկոլ Փաշինյանն է, ավելին՝ ողբերգություն է դա, որ հենց նա է երկրի առաջին դեմքը, իսկ նրանից հետո երկրորդ դեմքն էլ ԱԺ նախագահն է, որն այս դեպքում Ալեն Սիմոնյանն է։ Ու լինել երկրի երկրորդ դեմքը նշանակում է՝ լինել ոչ շարքային մեկը, ըստ այդմ՝ չպահել քեզ շարքային մեկի, ասենք՝ շարքային ֆեյսբուքյան ստատուսչու պես, նույնիսկ եթե երկրի առաջին դեմքը իրեն այդպես է պահում, շաբաթ-կիրակի էլ գնում է քաղաքից դուրս, խմում, «սպարծիվկով» պառկում խոտերին, քնում, հետո էդ տեսքով նկարվում ու տարածում համանցանցով մեկ։ 

Այսինքն՝ երկրի առաջին դեմքի՝ այդպիսին լինելը դեռ չի նշանակում, որ երկրի երկրորդ դեմքն էլ պետք է իրեն համացանցում ոչ պակաս այդպիսին պահի՝ թեկուզ մի քիչ այլ ձևաչափով։ 

Օրինակ՝ իր Տելեգրամի ալիքում հարցում դնի, որտեղ վիրավորական ու հեգնական տոնայնությամբ կարտահայտվի ընդդիմության հասցեին, այն ընդդիմության, որին ինքն է ի պաշտոնե ԱԺ բարձր ամբիոնից պարբերաբար կոռեկտության կոչեր անում։

Խոսքն այսօր Ալեն Սիմոնյանի կողմից իր անձնական Տելեգրամ ալիքում տեղադրած հարցման մասին է, որտեղ ԱԺ նախագահը՝ երկրի երկրորդ դեմքը (ըստ Սահմանադրության), ահա այսպես է արտահայտվել ընդդիմության հասցեին․ «Ի՞նչ եք կարծում՝ կաթողիկոսի օրհնությամբ և «դաշնակցի» օգնությամբ քաղաքական հաջորդ փուլում ում դեմքով հանդես կգա քոչարյանասերժական ընդդիմությունը»։

Ու թվարկել է անուններ։ Ալեն Սիմոնյանի ճաշակով ընտրված և Ալենի սրտի «փրկիչների» անունները չենք թվարկում՝ դա կարող է հետաքրքիր լինել իր աուդիտորիայի համար, որոնք մտել քվեարկում են իր ալիքում։ Մեզ հետաքրքիր է, թե մեկը չկա՞, որ Ազգային ժողովի «մեծարգո նախագահին» հուշի, որ «սիրուն չի՛, քո կարգավիճակին այդպիսի բաները չեն սազում, մի՛ արա․ ի վերջո, հա՛մ մեծ մարդ ես, համ այլևս նախկին շոուբիզնեսի կամ շոուբիզնեսի նախկին աստղը չես, համ էլ ԱԺ նախագահ ես, վերջապես, գրողը տանի»։ Ի՞նչ է նշանակում՝ 
«ռոբասերժական» ընդդիմություն, էն որ նիկոլական չէ՝ դա՞։ 

Իսկ երբ իրենց այդ նույն ընդդիմությունն անվանում է նիկոլական, դրանից ինքը՝ Ալեն Սիմոնյանն ու իր «նիկոլական» թիմակիցները լա՞վ են զգում, թե՞ առիթի դեպքում կոպտում են ու հակադարձում, թե «կոռեկտ արտահայտվեք»։ Նիստերի ժամանակ հենց մի ընդդիմադիր մի քիչ «չափն անցնում» է՝ անմիջապես այդ նույն Ալենը բերաններին է գալիս, թե «կոռեկտ արտահայտվեք ձեր գործընկերների հանդեպ», հիմա ինքը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, կոռե՞կտ է արտահայտվում այդ նույն ընդդիմության հասցեին։ Եւ եթե դա կոռեկտ է, կարո՞ղ են այսուհետ մյուսներն էլ իրենց անարգել անվանել նիկոլական իշխանություն։ 

Ի դեպ, լավ է լինել «ռոբասերժական ընդդիմությո՞ւն», թե՞ «նիկոլական իշխանություն», ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ, երկրի համար էլ՝ ավելի անվնաս։ 

Բայց խնդիրն այստեղ բնավ ընդդիմության՝ «ռոբասերժական» կամ չգիտեմինչական լինել-չլինելը չէ, կարելի է ամեն տեսակի էպիտետներ էլ կպցնել ցանկացած քաղաքական ուժի, խնդիրն այստեղ ԱԺ նախագահի կողմից այդքան ցածր մակարդակի, էժան բաներ անելն է, որը պատիվ չի բերում նախ՝ իրեն, հետո՝ երկրին, քանզի դա անողը երկրի երկրորդ դեմքն է։

Հ․Գ․ Ու թեև Ալեն Սիմոնյանը մամուլի խոսնակ այլևս չունի՝ հերթական խոսնակը հերթական անգամ, հերթական «տարօրինակ», բայց մեզ համար պարզ և ակնհայտ պատճառներով՝ օրերս դիմում գրեց և հեռացավ,  բայց խորհրդականներ շատ ունի՝ Աշխենը, Ահարոնը, Լիանան, մեկնումեկը կարող էր, չէ՞, հուշել, որ ԱԺ նախագահի բարձր դիրքերից այդքան էժան բաներ անելը հարիր չէ խորհրդարանական երկրի պառլամենտի ղեկավարին։ Էլի բաներ կան, իհարկե, որ հարիր չի ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդուն, բայց նա, միևնույն է, իրեն թույլ է տվել, այս մեկն էլ, փաստորեն, հերթականն է։ Ու ոչ ոք նրան չի ասում՝ մի արա։ Ի վերջո, նրան ենթակա և նրա կողքը հավաքված մարդիկ աշխատավարձ ստանում են և ԱԺ նախագահի թիմակիցը լինելու բարիքներից օգտվում են, որ խորհրդարանի ղեկավարին հարկ եղած դեպքում բարի և ճիշտ խորհուրդներ տան և առաջինը՝ հենց ԱԺ նախագահի շահերից բխող, ոչ թե այլոց շահերի դեմ։

Եվ մի բան էլ. Ալեն Սիմոնյանի պաշտոնի բարձր լինելը մեր կողմից շեշտելը բնավ շողոքորթություն չէ իր հասցեին, ինչպես իրեն էր մի անգամ թվացել։ 

Վահե Մակարյան