Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը դիմել է ՍԴ, որպեսզի վիճարկվի օրենքի այն դրույթը, ըստ որի՝ արգելվում է ուժային կառույցներում որոշ պաշտոններ ստանձնող անձանց անդամակցությունը կրոնական կազմակերպություններին։
ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը MediaHub.am-ի հետ զրույցում ասաց, որ սա հստակ քայլ է՝ պետության կործանումն ավելի արագացնելու համար։ «Ուժայինների ներկայացուցիչները բարոյական իրավունք չունեն՝ անդամակցելու կրոնական այս կամ այն կազմակերպությանը։ Տեսեք, եթե, օրինակ, ուժային կառույցի ղեկավարը ներգրավվի այնպիսի հոսանքում, որտեղ արգելվում է զենքի կիրառումը, ի՞նչ է լինելու։ Օրինակ՝ Եհովայի վկաները ծառայությունից հրաժարվում են այն պատճառաբանությամբ, որ իրենք զենք չեն վերցնում։ Հիմա այդպիսի հոսանքի թելադրանքին հավատարիմ սպան ո՞նց պետք է զենք վերցնի»,- նշեց Պետրոսյանը։ Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ «Նիքոլ Փաշինի» իշխանությունն ամեն ինչ հստակ, մշակված անում է՝ պետությունը, պետական ապարատը քանդելու, և մեզ՝ որպես ազգի, պառակտելու համար։
«Բանակ, եկեղեցի, ընտանիք։ Այս երեք արժեքները, որոնց վրա հիմնվում է պետությունը, մեզ մոտ քանդվում են։ Պարտադիր զինվորական ծառայությանը վերաբերող բոլոր օրենսդրական նախաձեռնություններն այժմ, աներկբայորեն ուղղված են բանակը թուլացնելուն՝ ծառայության ժամկետի կրճատում, գումարով ծառայությունից ազատում և այլն։ Նույնը վերաբերում է ընտանիքին։ Օրենսդրական նախաձեռնություն բերեցին ու ընդունեցին, ըստ որի՝ ծնողն իրավունք չունի երեխայի վրա բարկանալու, թեպետ դա հիմնականում արվում է երեխայի շահից ելնելով՝ նրան ճիշտ ուղու վրա դնելու համար»,- նկատեց Գևորգ Պետրոսյանը։
Նրա դիտարկմամբ՝ այս պահին դեպի կործանում քայլերը շատ հստակ են, և մենք փրկվելու մի ճանապարհ ունենք՝ «Նիքոլ Փաշինի» հեռացում։
Հիշեցնենք, ՊՆ-ն նախագիծ է ներկայացրել, ըստ որի՝ 24 մլն դրամ վճարելու պարագայում պարտադիր զինծառայությունը երկու տարվա փոխարեն 4,5 ամիս պետք է դառնա:
Նարե Գնունի