Իշխանական թևի շատ ներկայացուցիչներ 2024 թվականին արդեն հասցրել են մեծ եկամուտ ու անշարժ գույք ձեռք բերել, որոնց մասին MediaHub-ը գրել էր։
Այսօր ուսումնասիրելով վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Թորոսյանի հայտարարագիրը` նկատում ենք, որ նա նույնպես անմասն չի մնացել իր թիմակիցներից։
Թորոսյանը 2024-ին գնման եղանակով ձեռք է բերել մեկ բնակարան (38 մլն 317 հազար դրամ), և մեկ ավտոկայանատեղի (5 մլն 53 հազար դրամ), սակայն վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը 2017-ից ուներ ևս մեկ բնակարան ու ավտոկայանատեղի։
Սարգիս Թորոսյանը որպես տրանսպորտային միջոց հայտարարագրել է 2019-ին ձեռք բերված HYUNDAI մակնիշի ավտոմեքենա, ինչը նույնպես եղել է գնման եղանակով։
Նրա բանկային հաշվի մնացորդներից մեկը հաշվետու տարվա սկզբում կազմել է 1 մլն 89 հազար դրամ, որը հաշվետու տարվա վերջում դարձել է 1 մլն 250 հազար դրամ։ Մյուսը՝ 3 հազար դրամ, ինչը տարվա վերջում գրեթե անփոփոխ է մնացել, մյուս հաշվի 3 հազար դրամը հաշվետու տարվա վերջում նվազել է՝ դառնալով 2 հազար դրամ։
Թորոսյանի հաշվետու տարվա սկզբում հայտարարագրված 5 մլն կանխիկ դրամը նվազել է՝ հասնելով 2 մլն դրամ։
Սարգիս Թորոսյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 26 մլն 51 հազար դրամ։
Անշարժ գույքի վերանորոգմանը նա տրամադրել է 5 մլն դրամ, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հանդիսանում է «ԻՆՆՈՎԸԹԻՎ ԲԻԼԴԻՆԳ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ընկերության 100% բաժնետեր։
Էմմա Մարտիրոսյան
