Թող դավաճաններն ապրեն ադրբեջանցիների հետ. Գառնիկն ու Մելինեն առայժմ երազանքներ չունեն...

Թող դավաճաններն ապրեն ադրբեջանցիների հետ. Գառնիկն ու Մելինեն առայժմ երազանքներ չունեն...

2 անգամ բռնի տեղահանված Ստեփանյանների ընտանիքը, 2020 թվականի 44-օրյա պատերազմին, երբ ամբողջ Հադրութի շրջանը գրավվեց թշնամու կողմից, Տումի գյուղից տեղափոխվել և ապաստանել էին Ասկերանի շրջանի Քռասնի գյուղում, 2023-ին՝ Գորիսի շրջանի Հարթաշենում։

Գառնիկը սահմանապահ զորքերում էր ծառայում, սյունեցի կնոջ՝ Մելինեի հետ ամուսնացել էր պատերազմից առաջ։ Երբ սկսվեց 2020-ի ռազմագործողությունները, Մելինեին ուղարկել է հայրական տուն, ինքը մնացել պաշտպանելու հայրենի Արցախը։ Հադրութի անկումից հետո ընտանիքը վերստին միավորվել է, փոխել են հասցեն ու շարունակել ապրել Արցախում։ 

Հեռանալու մասին չեն մտածել, մնացել են, որ Հադրութին մոտ լինեն, որ վերադառնալու հնարավորության դեպքում՝ առաջին վերաբնակիչներն իրենք լինեն։ Քռասնին, ինչպես Տումին, Արցախի բարձրադիր գոտում են, թաքնված թավ անտառների մեջ։ Ի վերջո, նորից սկսել են զրոյից, նոր միջավայրին արագ հարմարվել ու լծվել աշխատանքին։

MediaHub-ի հետ զրույցում Մելինեն անկեղծացավ, որ կարող էին վերադառնալ Սյունիք, այստեղ նոր կյանք սկսել, բայց ինքը ևս սիրել է Արցախը ու նաև իր ցանկությամբ են մնացել:

«Մենք ամուսիններով որոշել ենք, եթե ոչ Հադրութում, գոնե Արցախի ցանկացած վայրում ապրենք, մեր լուման ներդնենք մեր փոքր հայրենիքի շենացմանը. սա էր մեր ցանկությունը։ Բայց, 2023 թվականի սեպտեմբերի 19-ը թևաթափ արեց ու րոպեների ընթացքում փոխեց մեր կյանքի ընթացքը։ Արցախի պաշարման դժվարությունները քիչ չէին, հիմա էլ պատերազմը։ Բոլորն արագ տարհանվում էին գյուղից, մենք վառելիք չունեինք, ամուսինս էլ ծառայության մեջ։ Հարևանի շնորհիվ փրկվեցինք։ Ընտանիքը միավորվեց Ստեփանակերտի նկուղներում։ Ինչպես նախորդ անգամ, մեր նոր տնից էլ ոչինչ չվերցրեցինք, եկել ենք հարուստ հիշողություններով միայն»,- ասում է Մելինեն, ով 2-րդ անգամ է տեղահանվել ու բոլորից լավ գիտի դրա դժվարություններն ու հետևանքները։ 

Գառնիկը, չնայած իր երիտասարդ տարիքին, ծառայել է պաշտպանության բանակի տարբեր զորամիավորումներում։ Անցել է պատերազմի փորձություններով ու տեսել է բանակի, զինվորի ոգին. «Գիտե՞ք, հիմա կարող են ամբողջ մեղքը բարդել բանակի, սպաների ու զինվորների վրա։ Բայց ոչ ոք չի խոսում քաղաքական ղեկավարության ձախողման մասին։ Չէինք նահանջում, բոլորն իրենց տեղերում էին, հզոր զենքեր չունեինք գուցե, բայց մարտը ճիշտ էր ղեկավարվում։ Բանակն արել է ինչ կարող էր, ինչ հնարավոր էր, բայց մենք չենք պարտվել։ Մեր պարտությունը եղավ այն ժամանակ, երբ Արցախը հայաթափվեց, և հաստատ ոչ բանակի մեղքով»։ 

Առայժմ երազանքներ չունենք, ասում են Գառնիկն ու Մելինեն, քանի դեռ պատերազմի վտանգ կա նաև Հայաստանում։ Սոցիալական խնդիրների ֆոնին կարոտն Արցախի հանդեպ խեղդում է ու տանջում։

«Ինտեգրման մասին էր խոսվում։ Ինչքան էլ անվտանգության երաշխիքներ տրամադրեն, մենք չենք ապրի երեխաներ խոշտանգող, ծերերի ու անօգնական մարդկանց սպանող ազգի հետ, թող դավաճաններն ու հայրենադավներն ապրեն, մենք կվերադառնանք միայն մեր հաղթանակից հետո»,- եզրափակեց Գառնիկ Ստեփանյանը։

Հունան Թադևոսյան