Ալեն Սիմոնյանի վտանգավոր հայտարարությունը

Ալեն Սիմոնյանի վտանգավոր հայտարարությունը

«Թե՛ «Մարտի 1»-ի պարագայում, թե՛ «Հոկտեմբերի 27»-ի, հիմնական դրդապատճառները և հիմնական դերակատարներին, կարծում եմ, բոլորս գիտենք, մնում է այդ փաստն արձանագրվի և համապատասխան պատիժ լինի», - Հոկտեմբերի 27-ի հերթական տարելիցի օրն ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Այս հայտարարությունը բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից խիստ վտանգավոր է: Փաստորեն, ասվում է՝ հանցագործությունը բացահայտված է, բայց ինչ-ինչ պատճառներով դա իրավական ձևակերպում չի գտնում:

Կարող ենք ենթադրել, որ Սիմոնյանը կասկածի տակ է դնում իրավապահ համակարգի արդյունավետությունը կամ նույնիսկ կոմպետենտությունը: Եթե դա այդպես է, ապա խորհրդարանի նախագահը խոստովանում է, որ իրենց իշխանությունը հինգ տարի ձախողել է առնվազն իրավական ռեֆորմը:

Դա, իհարկե, այդպես էլ կա. բարեփոխումներ գոյություն չունեն, բայց իրավապահ համակարգն ամբողջովին գտնվում է Փաշինյանի «գրպանում» և նրա համար դժվար չէ իրավական ձևակերպում տալ «բացահայտված» Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի գործերին:

Նշանակում է՝ խնդիրը քաղաքական իշխանության մեջ է, որը, եթե հավատանք Ալեն Սիմոնյանի պնդմանը, ինչ-որ պատճառներով չի ուզում նպաստել Հոկտեմբերի 27-ի գործի դե յուրե բացահայտմանը: Մնում է ենթադրել, թե որն է հանցագործության բացահայտումը պարտակելու պատճառը:
Իհարկե, մենք հակված ենք այլ վարկածի, ըստ որի՝ Ալեն Սիմոնյանն ու մյուսները ոճրագործության տարելիցի օրը պարզապես պոպուլիստական հայտարարություններ են արել:

Վահրամ Բագրատյան