Իրավունք ունի՞ պարեկը պահանջել վարորդից՝ բացել իր «Տելեգրամ» հավելվածը

Իրավունք ունի՞ պարեկը պահանջել վարորդից՝ բացել իր «Տելեգրամ» հավելվածը

Երեկ քաղաքացիներից մեկը ֆեյսբուքյան խմբերից մեկում, որտեղ վարորդները տարբեր հարցեր են քննարկում՝ վարորդական իրավունք ստանալու կարգից մինչև բենզինի գին ու որակ, հրապարակում էր արել՝ նշելով, որ պարեկներից մեկը «սաղ գործողություններն անելուց հետո» ասել է, որ պետք է նաև իր «Տելեգրամ» հավելվածը ստուգեն։  

«Ինչքանո՞վ ա էս նորմալ կամ օրինական։ Հիմա մարդ կա բեգեմոնտներով շորտիկ հագած նկար ունի մեկին ուղարկած, խի՞ պետք ա էդ պատրուլը տենա»,- հարց է հնչեցրել վարորդը, ապա հետաքրքրվել, թե ինչպե՞ս կարող են այդ երևույթի դեմն առնել։

ՀՀ ՆԳ նախարարության Ոստիկանության լրատվական բաժնից MediaHub.am-ին հայտնեցին, որ որևէ պարեկ իրավունք չունի պահանջել քաղաքացուց բացել իր «Տելեգրամ» հավելվածը։

«Քաղաքացին թող ներկայացնի, թե որտեղ է եղել դեպքը, մոտավորապես որ ժամին։ Բացի այդ, թող նշի մեքենայի համարը, որով պարեկը մոտեցել է, կամ այդ պարեկի համարը, որը նրա կրծքանշանի վրա նշված է։ Բոլոր պարեկների մոտ կա տեսախցիկ, և ամեն ինչ տեսանկարահանվում է։ Մենք առաջին անգամ ենք նման ահազանգ ստանում,  թող տվյալներ ներկայացնեն մեզ և մենք կզբաղվենք խնդրով»,- ասացին Ոստիկանության լրատվական բաժնից։

Նարե Գնունի