Փաշինյանը հստակ հրահանգեց՝ բացե՛ք, եթե պետք է՝ ջարդե՛ք

Փաշինյանը հստակ հրահանգեց՝ բացե՛ք, եթե պետք է՝ ջարդե՛ք

Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցը ազդանշան էր կոնկրետ գործողությունների անցնելու ու այլևս նեյնիմ-նեյնիմ չանելու համար:

Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում նա երեկ, պատասխանելով հարցին՝ ի՞նչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում, հստակ ասաց՝ գործընթացները պետք է արագացվեն: Եվ սա ազդանշան էր թեկուզ բիրտ ուժով, բայց բացել ճանապարհը ու որևէ արգելակում թույլ չտալ:

Ահա Փաշինյանի ձևակերպումը.

"Կիրանցում հետևյալն է սպասվում: Այս ընթացքում Կիրանցի ներկայացուցիչների հետ առնվազն 4 հանդիպում ունեցել եմ: Կիրանցի հատվածում մենք ունենք, եթե չեմ սխալվում, սահմանազատման ենթակա 11 կետ: Այսինքն՝ սահմանազատման այդ 11 կետերի այդ հատվածի մի հսկա մասում Կիրանցի ժողովուրդն էլ չի վիճարկում այդ սահմանը: Մենք առաջիկա օրերին կսկսենք այն հատվածի սահմանազատումը, որը չի վիճարկվում, այդ թվում՝ Կիրանցի ժողովրդի կողմից, իսկ մյուս 3 կետերի շուրջ մենք լուծումներ կփնտրենք:

Ես չեմ ուզում շատ աշխատանքային ինֆորմացիա բացել, այդ թվում՝ սեփականության վկայագրերը, այդ թվում՝ մնացած այլ փաստաթղթեր, որոնց մի մասը գաղտնիության և հույժ գաղտնիության, նույնիսկ հատուկ կարևորության գրիֆի ներքո են, ուսումնասիրում ենք և, բնականաբար, մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր բնակիչների շահերը պահպանենք, պաշտպանենք, նրանց լսենք, նրանց ասածը փորձենք իրագործել, իրականացնել: Բայց ես կրկին ուզում եմ մի հանգամանքի վրա մեր բոլորի ուշադրությունը հրավիրել, որի մասին խոսեցի, կարծես, առաջին հարցին ի պատասխան:

Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք Հայաստանի Հանրապետության սահմանը, Կիրանցը սահման չունի: Կիրանցը սահման ունի այնքանով, որքանով սահմանամերձ, սահմանապահ գյուղ է: Բայց մենք որևէ տեղում սահմանազատում իրականացնելով՝ պետք է ներդնենք այնպիսի բանաձև, որը հանկարծ այլ տարածքներում և ոչ թե մետրերով, այլ կիլոմետրերով չնյութականացնի Հայաստանի Հանրապետության պետական սահմանը: Կարողացա՞ միտքն ասել, թե ինչի մասին է խոսքը, որովհետև այստեղ կան շատ նյուանսներ, շատ բարդություններ: Եթե ուշադիր լինեք, հրապարակային հայտարարություններում էլ այդ բարդությունների և նյուանսների մասին կիմանաք, բայց ես ուզում եմ այս հանգամանքի վրա մեր ուշադրությունը հրավիրենք: Այո, իհարկե, Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք, բայց կրկին ուզում եմ ընդգծել, որ մենք հիմա սահմանազատում ենք Հայաստանի Հանրապետության սահմանը:

Եվ մենք, տեսեք, սկզբից դրանից գնաց չէ՞ , բանավեճը դրա մեջ էր՝ մենք հիմա փաթեթո՞վ ենք անում, թե՞ ընդամենը կտորներ ենք անում: Մենք այս կտորներով ստեղծում ենք փաթեթի բանաձևը, և այդ բանաձևն այն ամենակարևոր ձեռքբերումն է, որը Հայաստանն ու Ադրբեջանն իրար հետ այդ ձեռքբերումն ունեցել են: Դա նույնքան ձեռքբերում է Հայաստանի համար, ինչքան ձեռքբերում է Ադրբեջանի համար, և հակառակը: Եվ այս ձեռքբերումը պետք է պահպանել, որովհետև այս ձեռքբերումը փոխադարձաբար այդ երկրների անկախության, ինքնիշխանության շատ կարևոր անկյունաքար է: Տեսեք, ես ասում եմ՝ անկյունքար, այն օրն էլ ասացի՝ ով շինարարությունից շատ թե քիչ գիտի, գիտի, որ անկյունաքարը ոչ թե ամբողջն է, այլ սկզբից, շինարարություն անելիս անկյունքարերը դնում են և դրանց շուրջ սկսում է կառուցումը: Այս անկյունաքարերը դրված են, դրվում են, և պետք է դնել այդ անկյունքարերը և շարունակել կառուցումը:

Եվ կրկնում եմ, որ Կիրանցում տեղի կունենա հետևյալը՝ այն հատվածները, որոնք վիճարկման ենթակա չեն, այդ թվում՝ Կիրանցի մեր սիրելի քույրերի և եղբայրների կողմից, մենք այդ հատվածում կսկսենք սահմանազատման աշխատանքները, իսկ այն 3, 4 կետերը, որոնց հետ կապված բանավեճ կա, այդ 4 կետերի շուրջ աշխատանքը կշարունակենք՝ մինչև գանք ինչ-որ մի հայտարարի և կարողանանք սեղանին դնել համոզիչ փաստարկներ, որոնք կընդունվեն որպես ճշմարտություն":

Նախօրեին թշնամի երկրի նախագահ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի հետ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմից պատրաստված փաստաթղթերով ու, թերևս, Ալիևին դուր չի գալիս, որ գործընթացը հապաղում է և գուցե իր և ՀՀ վարչապետի աշխատակազմի միջև գոյություն ունեցող ուղիղ կապով հրահանգել է գործընկերոջը՝ անհապաղ բացել ճանապարհը և շարունակել սահմանազատումը ինչ գնով էլ լինի...՝