Ինչո՞ւ է Փաշինյանը սրում խաղը

Կիրանցիները Նիկոլ Փաշինյանի հանդիպումից դուրս են եկել դժգոհ ու վրդովված․ երիտասարդ աղջիկները նաև արտասվելով։ Նրանց ուղեկցում էին ոստիկանները՝ թերեւս փորձելով կանխել լրագրողների հետ զրույցը, և միայն մեկ երիտասարդ ասել է, որ «ինչ կա, մնացել է նույնը»:
«Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին տալ լուծումներ»,- սա էլ կառավարության տարածած պարզաբանումն է:
Այսպիսով, պատկերը, կարծես, պարզ է. Փաշինյանը չի նահանջում իր դիրքերից և ընտրել է տավուշցիներին սիրաշահելու/սպառնալու մարտավարությունը:
Լեգիտիմ է հնչում հարցը՝ ինչո՞ւ է Փաշինյանը սրում խաղը:
Արդյո՞ք Ալիևի պահանջն այնպիսին է, որ նրա նահանջը բերելու է պատերազմի, թե՞ ավելի լայն համատեքստ է առկա: Հիշեցնենք, որ նախօրեին Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, ով փաստացի այս գործընթացի «քավորներից» մեկն է:
Ըստ ամենայնի, Փաշինյանը «քաջալերվել» է այս զրույցից՝ նաև դրա մեջ տեսնելով իր իշխանության պահպանման երաշխիքը:
Ես արձանագրել եմ Բրյուսելի ապրիլի 5-ի եռակողմ հանդիպման և Տավուշի գործընթացի կապը: Իրականում արևմտյան կենտրոններից «պրյանիկ» ստացավ ոչ թե Հայաստանը, այլ հենց Փաշինյանը:
Ցանկացած «պրյանիկ» իր գինն ունի: Փաշինյանի դեպքում դա Ադրբեջանին արվող միակողմանի զիջումներն են ու հակառուսական հռետորաբանությունը: Արևմուտքն, իհարկե, մեր թշնամին չէ, պարզապես պոստկոնֆլիկտային ստատուս-քվո է պատկերացնում, որը բերելու է Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցության թուլացմանը և Իրանի մեկուսացմանը:
Վահրամ Բագրատյան