Պենտագոնը մտադիր է շարունակել զենքի մատակարարումն Ուկրաինա

Պենտագոնը մտադիր է շարունակել զենքի մատակարարումն Ուկրաինա

ԱՄՆ-ն մտադիր է շարունակել ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, այդ թվում՝ զենքի մատակարարման տեսքով։ Այս մասին  հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովի հետ հեռախոսազրույցում։

«Նախարար Օսթինն ընդգծել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային աջակցելու հարցում միակարծիք է իր դաշնակիցների և գործընկերների հետ, այդ թվում՝ պաշտպանական ռազմական օգնության տրամադրումը շարունակելու միջոցով: Առաջնորդները (Օսթին և Ռեզնիկով-խմբ.) պայմանավորվել են սերտորեն համակարգել գործողություններն այս պատերազմում, որը սկսել է Ռուսաստանը», -ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։

Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն արևմտյան երկրների ռազմական աջակցությունը Կիևին  անվանել էր աննախադեպ. միայն փետրվարին Ուկրաինան ստացել է մոտ 2000 տոննա ժամանակակից զենք, զինամթերք և զրահատեխնիկա։ Միայն ԱՄՆ-ից ստացված ռազմական օգնության ընդհանուր քաշը եղել է ավելի քան 1300 տոննա: Ավելին, Վաշինգտոնը հայտարարել է սպառազինության նոր մատակարարումների պլանների մասին: Ուկրաինա հակատանկային սպառազինություն էր ուղարկել նաև Գերմանիան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ առանց այդ էլ Ուկրաինան բավականին հագեցած է զենքով, և ստեղծված իրավիճակում մատակարարվող զենքը կարող է հայտնվել նեոնացիստների, ահաբեկիչների և թալանչիների ձեռքում։