ՀԺ-ի ուրվականն ու «Հավաստի Աղբյուրը» վախեցնո՞ւմ են Արման Եղոյանին
Լուրջ թեմաներից խոսեք, էլի։ Լրագրողների հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոսյանն այսպես արձագանքեց հարցին, թե ինչպես է ստացվում, որ մեկ օրում ԱԺ-ն սպառում է օրակարգը։
Նշենք, որ երեկ մեկնարկած հերթական նստաշրջանի օրակարգը հենց երեկ էլ սպառվեց։ Սա միակ հարցը չէ, որին Եղոյանը խուսափեց հստակ պատասխան տալ․ ՀԺ-ի «Հավաստի աղբյուրի» հերթական նյութի վերաբերյալ հարցին ևս պատգամավորը չպատասխանեց։
«Դուք հարցը տալուց առաջ էլ գիտեիք չէ՞, որ ես չեմ պատասխանելու»,- արձագանքեց նա։ Ճշտող հարցին, թե ինչո՞ւ՝ աղբյուրը վստահելի չէ՞, թե՞՝ ՀԺ-ն, Եղոյանը պատասխանեց՝ երրորդ պատճառով։ Բացի այդ, պատգամավորը լրագրողներին հորդորեց այդ հարցը չտալ, անգամ դաս տվեց՝ փորձ էլ չպետք է արվեր նման հարց հնչեցնելու։
«Դուք ինձ պիտի ճանաչեիք և իմանայիք, որ ես այդ հարցին չեմ պատասխանելու»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ նյութի բովանդակությունը վտանգավոր էր, Եղոյանն արձագանքեց՝ ինքը խոսում է այն ժամանակ, երբ նպատակահարմար է գտնում, «ոչ թե ամեն պատահած ժամանակ, երբ հարց են տալիս։ Հատկապես քաղաքական բովանդակության դեպքում»։ Հակադարձմանը, որ այդտեղ կոնկրետ թեզեր կային, որ վերաբերում էին Արցախին նաև, և եթե արձագանք չկա աղբյուրի կամ նյութի նկատմամբ վստահության բացակայության պատճառով, գուցե հասկանալի լինի այդ լռությունը, Եղոյանը հստակ պատասխանեց․ «35 վայրկյան առաջ ասացի, որ դա չի պատճառը»։
Հարցին՝ իսկ ՀԺ-ի հրապարակած ադրբեջանական հինգ կետ-պահանջնե՞րը․ ի՞նչ է անելու իշխանությունը, որ դրանք չիրականանան, Եղոյանը պատասխանեց՝ ընդամենը համբերություն է պետք։
«Լավ կլինի վերլուծեք՝ այդտեղ ինչ է գրված, և մյուս ինֆորմացիաներն ու իրավիճակը վերլուծեք։ Ընդհանրապես, մեր հանրությանն էլ համբերությամբ զինեք, դիմակայելու կամքով զինեք, ոչ թե հատվածական հարցեր տվեք»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։