Վանաձորում պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ, այսօր վանաձորցին իր խնդրի հետ մենակ է․ Վահե Դոխոյան

Վանաձորում պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ, այսօր վանաձորցին իր խնդրի հետ մենակ է․ Վահե Դոխոյան

Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն այսօր հայտարարություն տարածեց, որում ասվում է, որ իրենք առաջարկում են համայնքում արտահերթ ընտրություններ անցկացնել, որպեսզի հնարավոր լինի դուրս բերել քաղաքը մեկ տարի առաջ ստեղծված և մինչ օրս տիրող քաոսից։ 

«Նախորդ տարի դեկտեմբերի 5-ի ընտրություններից անցել է մեկ տարի, բայց ավագանին՝ որպես քաղաքական օրգան, որևէ գործառույթ չի իրականացնում, իսկ վանաձորցին իր խնդիրների հետ մնացել է մենակ։ Այս պահին, իհարկե, Փաշինյանի որոշմամբ քաղաքապետի պաշտոնակատար ունենք նշանակված, բայց նա ժողվրդի կողմից ընտրված մարդ չէ։ Սա ժողովրդավարությանը դեմ է․ վանաձորցիների քառասուն տոկոսից ավելին ընտրել է «Ասլանյան» դաշինքին, իսկ Փաշինյանն, այս ամենը հաշվի չառնելով, կամայական որոշում է ընդունել․ առանց որևէ հիմնավորման քաղաքապետ է նշանակել»,- ներկայացրեց Դոխոյանը, ապա հավելեց, որ այս ամենից հետո քաղաքը կանգնել է կոլապսի առջև, որից դուրս գալ է պետք։ Ավագանու անդամի խոսքով՝ ստեղծված վիճակը հանգեցրել է նրան, որ մեկ տարի Վանաձորի բնակիչները կանգնած են տարբեր խնդիրների առջև, որոնք լուծում չեն ստանում։ 

«Հիմա վանաձորցին մեզ ասում է՝ լավ, բռնի կերպով, մեր քվեն արհամարհելով, քաղաքապետ նշանակեցին, իշխանությունն այդպես է վարվում, բա դուք ի՞նչ եք անում։ Եվ այս հարցը, իրականում, տեղին է։ Մենք ընտրողի վստահության քվեն վերցրել ենք, որ ճգնաժամային դեպքերում սեփական լուծումներն առաջարկենք։ Ու հիմա առաջարկում ենք, որ ավագանու բոլոր խմբակցությունները, այդ թվում նաև իշխանական թևը ներկայացնող, բայց Վանաձորում իշխանություն չունեցող խմբակցությունը միանան ու որոշեն՝ արտահերթ ընտրություններ անցկացնել։ Եթե համաձայնության եկանք ու հնարավոր ամենամոտ ժամկետում ընտրություններ նշանակվեցին, ապա մենք կմասնակցենք ավագանու նիստին, կապահովենք քվորում և կհաստատենք 2023-ի բյուջեն»,- նշեց Վահե Դոխոյանը։ Սակայն, նրա խոսքով, սա չի նշանակում, որ իրենք հրաժարվում են իրենց սկզբունքներից, ունեցած դիրքորոշումներից։ 

«Բայց հանուն վանաձորցու, հանուն Վանաձորը կոլապսից հանելու, մենք հանդես ենք եկել այս առաջարկով։ Մեր հիմնական ցանկությունն այն է, որ վանաձորցին էլ չտուժի այս վիճակի պատճառով։ Բայց և մենք հստակ ասում ենք՝ վանաձորցու քվեն ու ժողովրդավարությունը չպետք է արհամարհվեն։ Մենք պետք է մեր քաղաքացու ձայնը բարձրացնենք, այս պահին մեր քաղաքը ղեկավարողը ժողովրդի կողմից ընտրված չէ։ Հիմա էլ, անկախ նրանից, թե ով կընտրվի արտահերթ ընտրություններում, մենք ուզում ենք ժողովրդի ձայնն ու ընտրությունը տեսանելի դարձնել»,- շեշտեց Դոխոյանը։ 

Հարցին, թե այս դեպքում ինչպե՞ս է պատկերացնում «Ասլանյան» դաշինքի հետ գործակցությունը, արդյո՞ք ավագանու նիստին մասնակցելը, թեկուզ արտահերթ ընտրությունների պայմանով, չի նշանակի ու դիտարկվի որպես հետքայլ կամ իշխանական թևի հետ գործակցություն, Վահե Դոխոյանը պատասխանեց՝ հակառակը, դա քայլ առաջ է՝ դեպի վանաձորցու խնդրի լուծում։

«Մենք գնում ենք դեպի վանաձորցին ու Վանաձորը, և խնդիրը լուծելու ողջամիտ տարբերակ ենք առաջարկում։ Այս պարագայում նոր ընտրություններն անխուսափելի են, և որքան շուտ կազմակերպվեն ընտրություններն ու ձևավորվի ՏԻՄ համակարգը, ավելի շուտ կպաշտպանվեն վանաձորցու շահերը։ Սա միակ լուծումն է՝ անկախ նրանից, թե ում սրտով կլինի, կամ ում սրտով չի լինի։ Վանաձորցին մեզ ասում է՝ հա, ես ձեզ վստահել եմ, բայց դա չի նշանակում, որ դուք պիտի գնաք միայն ձեր քաղաքական խնդիրների հետևից, գտեք ճանապարհ մեր խնդիրները լուծելու համար»,- ամփոփեց խոսքը Վահե Դոխոյանը։ 

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ այսօր Վանաձորում ավագանու արտահերթ նիստ պետք է գումարվեր, սակայն ավագանու անդամները երեկ այդ մասին չեն ծանուցվել։ Բայց և այնպես, մինչև տարեվերջ գոնե մեկ նիստ պետք է անցկացվի՝ 2023 թվականի բյուջեն հաստատելու համար, սակայն, եթե Վանաձորի ավագանու խմբակցությունները մինչ այդ չարձագանքեն «Հայրենիքի» առաջարկին, ապա խմբակցությունը չի մասնակցի այդ նիստին։

Նարե Գնունի