Կոռնիձորի կամրջից այս կողմ տեղակայվելու են սահմանապահ զորքերը․ Փաշինյան

Նախորդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը ոչ միայն շարունակել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, այլ նաև հերթական ներխուժումն է իրականացրել Ղարաբաղ՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի։ Այդ մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ այդ մասին մամուլի հաղորդագրություն է տարածել նաև ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Այդ հաղորդագրությունում ասվում է, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի իննի հայտարարության առաջին կետը և Շուշիի շրջանում հատել շփման գիծը, զբաղեցրել է 2054 բարձունքն ու սկսել ինժեներական աշխատանքներ։ Եվ պահանջ է ներկայացվել, որ ադրբեջանական կողմը լքի զբաղեցրած բարձունքը»,- ներկայացրեց Փաշինյանը։

Ըստ նրա՝ կարելի է արձանագրել, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի կատարում Հաագայի միջազգային դատարանի որոշումը՝ Լաչինի միջանցքը ապօրինի արգելափակելու մասին, այլև ավելի է սրում վիճակը՝ ձեռնարկելով քայլեր ԼՂ ներքին տրանսպորտային տեղաշարժը խոչընդոտելուն միտված։

«2054 բարձունքից Ադրբեջանն ուղիղ հսկողության տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը։ Ռազմական փոխադրումների մասին է խոսում Ադրբեջանը՝ արդարացնելով իր քայլը։ Դա պրովոկացիոն սուտ է, որով Ադրբեջանը փորձում է հնարավոր էսկալացիան լեգիտիմացնել»,- շեշտեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ Հայաստանը դեպի ԼՂ ռազմական փոխադրումներ չի իրականացնում, Հայաստանը ԼՂ-ում բանակ չունի։ Եվ այս փաստն արձանագրելու վերաբերյալ միջազգային փաստահավաք ԼՂ ուղարկելու առաջարկը Ադրբեջանն ինքն է մերժել։

«Իսկ որ ԼՂ-ում գործում է ՊԲ, հանրահայտ փաստ է։ Այդ բանակի գոյությունն ու գործունեությունը պարզաբանվում է մի բանով՝ Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություն է տեսնում»,- շեշտեց նա։

Նա նկատեց՝ պետք է հետևողականորեն միջազգային հանրությանը իրազեկել այս ամենի մասին։

«Լաչինի միջանցքի հետ կապված հաջորդ զարգացումը ճանապարհային երթուղու փոփոխության մասին է։ 2022-ի օգոստոսին Ադրբեջանի և ԼՂ իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց՝ նոր ճանապարհի գործարկմամբ։ Բայց քանի որ այդ ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր շահագործման, այլընտրանքային երթուղի բացվեց, որը պետք է գործեր մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը։ Նախօրեին մենք տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին, որ համաձայն պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և որ ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են ՀՀ պետական սահմանի հսկողությունը։ Ընդգծեմ, որ ՀՀ սահմանապահ զորքերը տեղակայվելու են ՀՀ պետական սահմանին, այն նույն տեղերում, որտեղ մինչ օրս ՊՆ ստորաբաժանումներն էին տեղակայված։ Սա ադրբեջանական ԶԼՄ-ները ներկայացնում են որպես հերթական «բլոկբաստեր»։  Այս մոտեցումը կառուցողական չէ»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։