Բրյուսովն իր դիմագիծն ունի, ինչպե՞ս կարող են միացնել այլ բուհի․ ուսանողները վրդովված են (լուսանկարներ)

Բրյուսովն իր դիմագիծն ունի, ինչպե՞ս կարող են միացնել այլ բուհի․ ուսանողները վրդովված են (լուսանկարներ)

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Բրյուսովի անվան պետական համալսարանը միացվելու է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանին։ 

Թե ինչո՞ւ՝ ԿԳՄՍ նախարարությունը քիչ անց կպարզաբանի։ Բայց, ինչ հիմնավորում էլ լինի, բրյուսովցիները չեն պատրաստվում համակերպվել մտքին։ 

Համալսարանի մոտ այս պահին բողոքի ակցիա է, որին մասնակցում են ինչպե՛ս հիմա այնտեղ սովորողները, այնպես էլ՝ նախկին բրյուսովցիները։ 

«Մենք հիմա խնդիր ունենք ընդհանուր ճակատով հանդես գալու։ Բրյուսովը պետք է փրկենք, քանի որ այն ունի իր դեմքն ու դիմագիծը»,- մեզ հետ զրույցում ասաց բուհի շրջանավարտ, նախկին դասախոս Վահան Զաքարյանը։ 

Նրա խոսքով՝ արժեքներ ու հստակ գիծ ունի Բրյուսովի անվան համալսարանը, և հիմա փորձում են այն ոչնչացնել։ 

«Որպես լեզվավաբանական ու մանկավարժական արժեքներ կրող բուհ, որը շարունակում է զարգանալ, Բրյուսովն իր հստակ տեղն ունի», - նշեց նա։ 

Զաքարյանն ասաց, որ միացման դեպքում Բրյուսովի անվան պետական համալսարանը տուժելու է։ 
«Ինչ վերաբերում է ասեկոսեներին, կուզեի չանդրադառնալ, քանի որ անընդունելի է, որ բուհի շենքը կարող է հյուրանոցի վերածվել։ Նման խոսակցություններ էլի են եղել», - նկատեց նա։ Բացի այդ, ըստ մեր զրուցակցի, պետք է հաշվի առնվի նաև ուսանողի շահը։ 

«Հիմա դժվար է ասել՝ արդյո՞ք ուսանողը չի տուժի, երբ փոխվի դասավանդող անձնակազմը։ Դրա մասին էլ որևէ բան չկա, պարզ չէ՝ որ դասախոսները կմնան, որոնք գործազուրկ կդառնան»,- նշեց նա։ Նա նկատեց՝ ավանդույթներ ունեցող բուհից ուսանողներին այլ բուհ տեղափոխելը նման է մարդուն իր տնից հանելուն, և ստիպելուն, որ գնա ու վարձով բնակարանում ապրի։

 

Նարե Գնունի