«Ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»․ խոսնակը՝ Սուքիասյանի կողմից Բրյուսովի շենքը գնելու մասին

«Ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»․ խոսնակը՝ Սուքիասյանի կողմից Բրյուսովի շենքը գնելու մասին

Արդեն հայտնել ենք, որ ծրագիր կա՝ Բրյուսովի անվան պետական համալսարանը Մանկավարժական համալսարանին և Ֆիզիկական կուտուրայի հայկական պետական ինստիտուտին միացնելու։ 

Տեղեկության տարածմանը զուգահեռ սկսվեցին շրջանառվել լուրեր, որ Բրյուսովի շենքը գնելու նպատակ ունի ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ավելին, նա պատրաստվում է այդտեղ հյուրանոցային համալիր կառուցել։

Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը  այս տեղեկությունները բարբաջանք որակեց։

«Բարբաջանք է։ Ո՞նց կարելի է նման ինֆորմացիա տարածել։ Առաջ էլ ԵՊՀ-ի ու Մանկավարժականի շենքերն էր գնում։ Հետո ինչ-որ պայթյունի հետ կապեցին Սուքիասյանի անունը։ Ի՞նչ է, նորից դատի տա՞նք»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց նա։

Աննա Մկրտչյանը վստահեցրեց, որ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։

«Ուրիշ հերոսի անուն չգիտե՞ն, չեմ հասկանում»,- եզրափակեց խոսքը Աննա Մկրտչյանը։

Նշենք նաև, որ Աննա Մկրտչյանը ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում հերքում տարածեց։

«Հերթական բարբաջանքին պատասխանեմ հակիրճ։

Սուքիասյանները Բրյուսովի շենքը չեն գնում, ինչպես չեն գնել ու չեն գնելու ԵՊՀ ի շենքը, մանկավարժական համալսարանի և մնացած բոլոր բուհերի շենքերը։ 

Հատուկ այն մարդկանց համար, ովքեր հասկանալու հետ կապված խնդիր ունեն` նորից կրկնեմ. Սուքիասյանները չեն գնում Բրյուսովի շենքը, ինչպես չեն գնել և չեն գնելու ԵՊՀ շենքը, մանկավարժական համալսարանի շենքը, մյուս համալսարանների շենքերը։ Մի հարց էլ ես ունեմ. չե՞ք հոգնում նման ստերով ձեզ վարկաբեկելուց»։

Նարե Գնունի