Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ կապիկի ծաղիկի բռնկումը այլևս չի համարվում միջազգային նշանակություն ունեցող հանրային առողջության արտակարգ իրավիճակ։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Գեբրեյեսուսի խոսքով՝ արտակարգ ռեժիմը հայտարարվել էր ավելի քան մեկ տարի առաջ՝ ԱՀԿ-ի արտակարգ հանձնաժողովի առաջարկությամբ։ Այդ հանձնաժողովը դրանից հետո յուրաքանչյուր երեք ամիսը մեկ հավաքվել է՝ գնահատելու իրավիճակի զարգացումները։
«Երեկ հանձնաժողովը անցկացրեց հերթական նիստը և ինձ տեղեկացրեց, որ իր կարծիքով իրավիճակն այլևս չի ներկայացնում միջազգային նշանակություն ունեցող առողջապահական արտակարգ իրավիճակ։ Ես ընդունեցի այդ առաջարկությունը»,– նշել է ԱՀԿ ղեկավարը Ժնևում կայացած ճեպազրույցում։
Նա ընդգծել է, որ որոշումը պայմանավորված է հիվանդացության և մահացության դեպքերի կայուն նվազմամբ մի շարք տուժած երկրներում, սակայն հավելել է, որ սա չի նշանակում՝ սպառնալիքն ամբողջությամբ վերացել է։ ԱՀԿ-ն շարունակելու է քայլեր ձեռնարկել կապիկի ծաղիկի տարածումը կանխելու համար։