Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ՄՇԱԿՈՒՅԹ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Եվ կան հոգևորականներ, որ քայլում են իրենց «դաhիճ» ՔՊ-ականների կողքով՝ ուրանալով հորն ու եղբորը

Blog Image

Էջմիածնի 2710-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել են խորհրդանշական՝ 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող Հերոսների պուրակում ծաղկեդրման արարողությամբ։ 

Միջոցառմանը մասնակցել են համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանն ու Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը։ Որքան էլ զարմանալի է, նրանց կողքին կանգնած են եղել  Տեր Սիոն Արքեպիսկոպոս Ադամյանն ու Արմավիրի տարբեր եկեղեցիները սպասարկող հոգևորականներ։ 

Այո՛, Սիոն Սրբազանն այսօր հպարտորեն ու կողք կողքի քայլում էր նրանց հետ, ովքեր ամեն օր հայտարարում են՝ եկեղեցուց «դուրս են շպրտելու» կաթողիկոսին ու սրբազաններին, մարդկանց հետ, ովքեր արդարացնում  են եկեղեցու վրա իրավապահների հարձակումը, և ովքեր շատ շուտով նույն Էջմիածնի հրապարակում առաջին շարքով քայլելու են Փաշինյանի կողքին և հայտարարելու են, որ եկել են Վեհարանը Վեհափառից ազատելու։

Ինչո՞ւ են այս հոգևորականներն այսօր ՔՊ-ականների կողքին. սեփական կաշին ու հետագայում նաև իրենց դիրքը փրկե՞լ են ուզում, թե՞ ստիպել են նրանց քայլել, այս դեպքում թեկուզ փոխաբերական իմաստով,  իրենց «դահիճի» կողքով։ Կամ գուցե այլ տարբերակ կա՞։

Հարցերի պատասխանը չկարողացանք ճշտել. Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը զանգերին չպատասխանեց։ Չնայած, ամեն անգամ նման քայլերը մեկնաբանվում են որպես անառակ որդուն ևս մեկ անգամ հնարավորություն տալուն և ներելուն ուղղված քայլեր։ 

Բայց այդպես լինո՞ւմ է. հերթական անգամ եկեղեցին ներում է անառակ որդուն, որը շատ շուտով հաջորդ հարվածը կհասցնի իրե՞ն, ներում է մարդու, որը Վեհափառին ու մի շարք Սրբազանների հասցեին ամենավատ հայհոյանքներն է հնչեցրե՞լ, երկու Սրբազանի նկատմամբ քրեական գործեր է հարուցե՞լ՝ նրանցից մեկին երկու տարով ազատազրկելով, իսկ մյուսի ճակատագիրը դեռևս առկախված թողնելով։ Եկեղեցին ներում է՝ հաշվի չառնելով որևէ բա՞ն, ներում է՝ մոռանալով ընդամենը չորս ամիս առաջ կատարվա՞ծը, ներո՞ւմ է..., իսկ հնարավո՞ր է, որ վախենում է։ Գուցե պարզապես այս պահին ՔՊ-ին հաճոյանալը մի քանի օրով հետաձգո՞ւմ է հերթական հարձակումը։ 

Հարցերն ու դրանց ենթադրյալ պատասխանները շատ են, բայց ցավոք, այս անգամ էլ ոչ մի հստակություն չկա։ Մի բան է պարզ. այս պահին, երբ եկեղեցին ամենահամախմբվածը պիտի լիներ, երբ բոլորը գոնե միասնական պիտի լինեին, կրկին հայտնվում են եկեղեցականներ, որոնք ցանկանում են հարմար լինել օրվա իշխանությանը, և չզարմանաք, որ այդ նույն եկեղեցականները Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների ժամանակ էլ քայլեն ՔՊ-ի թեկնածուի կողքով ու համոզեն քաղաքացիներին իրենց ձայնը տալ այնպիսի պետականամետ գործչին, ինչպիսին Արգիշտի Մեխակյանն է։ Ցավալի է արձանագրել, բայց կառույցը, որը դարեր շարունակ եղել է հայապահպանության հիմքը, այսօր նման վիճակում է. դժվար է պատկերացնել, որ դեռ կան Սրբազաններ, որոնք լուռ ու համերաշխ քայլում են մարդկանց կողքով, ովքեր իրենց հորն են ստորացնում, ովքեր իրենց եղբայրներին են բանտարկում, ովքեր իրենց անվանում են «սևազգեստ ծաղրածուներ»։ Դժվար է հավատալ, որ մենք դեռ ունենք Սրբազաններ, ովքեր միամտաբար հավատում են, թե իրենց գլխին «թուր չի ճոճվի», քանի որ իրենք դեռ հարմար են։ Բայց դուք այսօր եք հարմար օրվա իշխանությանը, Սրբազան հայրեր, իսկ վաղը գուցե հենց դուք լինեք կալանքի տակ՝ որպես ենթադրյալ «ահաբեկիչներ»։

Նարե Գնունի

Send