Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Սոցիալական ոլորտ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ MediaHub TV

Սեպտեմբերին պարզ կդառնա՝ հայկական ավիաընկերությունները դուրս կգա՞ն ԵՄ «սև ցուցակից», թե՞ ոչ

Blog Image

2020 թվականի հունիսից հայկական ավիաընկերությունները հայտնվել են Եվրահանձնաժողովի կազմած «սև ցուցակում» ու մինչ օրս դրանից դուրս չեն եկել։ Սա նշանակում է, որ հայկական ավիափոխադրողները, եթե իրենց ավիապարկում ունեն հայկական գրանցումով օդանավ, ապա դրանցով իրավունք չունեն թռիչքներ իրականացնել դեպի Եվրոպա։ 

Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը՝ EASA-ն ուսումնասիրություն է իրականացրել եվրոպական ստանդարտներին համապատասխանելիության հայտ ներկայացրած ավիաընկերություններում, և պարզել է, որ հայկական ավիափոխադրողները չեն համապատասխանում եվրոպական ստանդարտներին։ Արդյունքում հայկական ավիաընկերությունները հայտնվել են Եվրահանձնաժողովի կազմած «սև ցուցակում», ու արդեն հինգերորդ տարին է՝ չեն կարողանում հայկական գրանցումով օդանավերով թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ անդամ երկրներ։ Սա Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կողմից լուրջ ձախողում է, որը տեղի ունեցավ Քաղավիացիայի կոմիտեի՝ այն ժամանակվա նախագահ Տաթևիկ Ռևազյանի պաշտոնավարման օրոք և նրա վատ, թերի կամ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետևանքով։ Տաթևիկ Ռևազյանը գնաց՝ որևէ պատասխանատվություն չկրելով իր ձախողումների համար, և նրա թողած հետևանքները մնացին իրենից հետո եկած ղեկավարության ուսերին։ 

Քաղավիացիայի կոմիտեից MediaHub-ին հայտնեցին, որ այս տարիներին ահռելի աշխատանք են տարել, որ կարողանան Հայաստանը դուրս բերել սև ցուցակից, և սեպտեմբերին սպասում են EASA-ի պատվիրակության այցին, որ աուդիտ իրականացնեն։ Այս տարիներին Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեն պարբերաբար կապի մեջ է եղել EASA-ի հետ, փաստաթղթեր է ներկայացրել, փոփոխությունները, թերությունների վերացումները, և հիմա սպասում են կարևոր այցին, որպեսզի եվրոպացի մասնագետները տեղում տեսնեն այդ ամեն ինչը և համոզվեն։ 

«Մեծ աշխատանք է արվել այս հինգ տարվա ընթացքում՝ և՛ փաստաթղթերի առումով, և՛ դրանց իմպլեմենտացիայի առումով, իրենց գլխավոր խնդիրներից մեկը մասնագետների պակասն էր, ինչը շատ օբյեկտիվ պատճառ է՝ ամբողջ աշխարհում ավիացիան խնդիր ունի որակավորված մասնագետների, մենք էլ բացառություն չէինք, բայց այս վերջին երկու-երեք տարվա մեջ մենք բավականին շատ մասնագետներ ենք արդեն հավաքել՝ երիտասարդ կադրեր, պրոակտիվ կադրեր, որոնց պատրաստել ենք, վերապատրաստել ենք և ոչ միայն»,- ասացին մեզ Քաղավիացիայի կոմիտեից։

Այսինքն՝ սեպտեմբերին պարզ կդառնա, թե հայկական ավիափոխադրողները դուրս կգա՞ն ԵՄ «սև ցուցակից» ու կկարողանա՞ն հայկական գրանցումով օդանավերով թռչել Եվրոպա, թե՞ նորից կշարունակեն մնալ սև ցուցակում՝ չհամապատասխանելով եվրոպական ստանդարտներին։

Վահե Մակարյան

Send