Մինչ Նիկոլ Փաշինյանը ուրախ–ուրախ ստորագրում է փաստաթուղթ, որում ՀՀ շահերի սպասարկման համար գեթ մի կետ չկա ներառված, մինչդեռ Ադրբեջանը ստանում է ամեն ինչ, ինչի մասին կարող էր երազել, բաց է մնում հայկական կողմի ամենացավոտ հարցերից մեկը՝ գերիների վերադարձը:
Եվ չնայած ուղիղ եթերում Փաշինյանի ռեակցիայից ամեն ինչ պարզ էր, մեկ է իր խոսնակը բաց չթողեց պահը և նշեց․
«Համացանցում անհեթեթության հասնող ենթադրություններ են շրջանառվում, թե իբր վարչապետ Փաշինյանը Վաշինգտոնում դեմ է արտահայտվել Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների կամ նրանց մի մասի վերադարձին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը հարցը քննարկման առարկա է դարձել հենց վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ։ Ընդ որում, վարչապետը հարցի մասին խոսել է ամբողջության մեջ և ոչ թե մասնակի»։
Վաշինգտոնյան հանդիպման տեսանյութում տեսնում ենք, որ Դոնալդ Թրամփն ասում է. «Ասում եք, որ 23 քրիստոնյա հայեր կան, ես պատրաստվում եմ խնդրել, որ դա անեն, կարծում եմ՝ հանուն ինձ կանեն դա, սա կարևոր է, չէ՞», ինչին ի պատասխան Փաշինյանը միայն գլխով է անում՝ «այո»:
Միանշանակ, նման փաստաթուղթ ստորագրել պատրաստվող ցանկացած երկրի ղեկավար, ով առաջնորդվում է հայկական շահով, առանցքային հարցերից մեկը հենց գերիների վերադարձը կներառեր, որպեսզի տարիներ անց Բաքվի դժոխքից բոլոր գերիները վերադառնային: Սակայն, տեսնում ենք, որ նրանց մասին անգամ հիշատակում չկա և մերկապարանոց բառերից ու հայտարարություններից բացի առարկայական քայլեր չեն արվում: Մինչդեռ, կրկնում ենք, իսկական հայանպաստ դիվանագիտությունը կլիներ այն, որ ՀՀ-ն առաջ քաշեր իր պայմանները, հատկապես, որ բացառապես զիջողի դիրքերում է հայտնվել, այլ ոչ թե առանց ոչնչի տար թուրքերի համար բաղձալի միջանցքը։
MediaHub-ն այսօր կապ հաստատեց Բաքվում պահվող գերիների հարազատների հետ, որոնք լիահույս են, որ շուտով հարցը կլուծվի և իրենց հարազատները կվերադառնան Հայաստան։
«Օգոստոսի 8-ին անհանգիստ նայում էինք ուղիղ եթերում Թրամփ–Փաշինյան–Ալիև հանդիպումը, մեծ հույս ենք կապում, որ մեր հարազատները կվերադառնան, հույս է արթնացել մեզ մոտ, որ խաղաղության պայմանագրի նախաստորագրումով գերիները կվերադառնան Հայաստան»,– նշեց ռազմագերիների հարազատներից մեկը։
Նա նշեց, որ երբեք հույսը չեն կորցրել, սակայն, այս պահին էլ ավելի մեծ հույսեր ունեն։
Միևնույն ժամանակ նրանք նշում են, որ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման վերաբերյալ իրենց դիրքորոշումը չի փոխվել․
«Թուրքերի, ադրբեջանցիների հետ խաղաղությունը վստահելի բան չէ, չի կարող իրենց հետ լինել խաղաղություն, սակայն, քանի որ ԱՄՆ–ի հետ է այս ամենը արվում, մեզ մոտ հույս կա, որ մեր երեխաները, մեր հարազատները կվերադառնան ու իսկապես խաղաղություն կլինի»։
Նրանք նշեցին, որ Կարմիր խաչը գերիներին չի այցելում այլևս, սակայն, յուրաքանչյուր չորեքշաբթի հարազատների հետ կարողանում են զանգվել և խոսել.
«Վերջին անգամ, որ խոսեցինք, ասում էին, որ սնունդը, դեղորայքն ամենը նորմալ տալիս են, բայց կարոտը խեղդում է…. շինծու դատավարությունները անիմաստ ձգձգվում են, այլևս այն մասշտաբի չեն լուսաբանվում, բայց հեռախոսազանգերն են հույս տալիս»։
Մարիաննա Արամյան