Երևանի նահանջը, Արևմուտքի «պարիտետը»

Երևանի նահանջը, Արևմուտքի «պարիտետը»

Տարեսկզբին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղարության բանագնաց Լուիս Բոնոյի այցի հիմնական նպատակն է կազմակերպել եռակողմ հանդիպում Վաշինգտոնում՝ փորձելով առաջ շարժվել խաղաղության պայմանագրի վերջնականացման և ստորագրման հարցում:
Բոնոն Երևան եկավ ու հանդիպեց Հայաստանի իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Սակայն ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը Բաքու չի մեկնել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Օրեր առաջ ԱՄՆ Պետդեպարտամենտն աշխարհում կրոնական ազատությունների մասին հատուկ զեկույցում Ադրբեջանը ներառել է «հսկողության տակ գտնվող երկրների» ցուցակում: Պաշտոնական Բաքուն այդ քայլը որակել է որպես «Ադրբեջանի նկատմամբ կողմնակալության հերթական դրսևորում»: Ամենայն հավանականությամբ, հենց այդ պատճառով Լուիս Բոնոն չի մեկնել Բաքու:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, ըստ էության, չեն հերքել, որ Բաքուն հրաժարվել է ընդունել ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյին։

Իհարկե, տեղի ունեցածը բացատրելի չէ միայն այն հանգամանքով, ոչ ճգնաժամ է առկա Բաքվի ու Վաշինգտոնի հարաբերություններում՝ ինչքան էլ այդ փաստն անհերքելի է: Խնդիրն այն է, որ այս պահին Բաքուն ավելի գլոբալ օրակարգ է հետապնդում, ինչի մասին վերջին ասուլիսում բացահայտ խոսում էր Իլհամ Ալիևը՝ փորձ է արվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը դուրս բերել միջազգային միջնորդների դաշտից:

Անշուշտ, այս մասին գիտեն նաև ԱՄՆ մայրաքաղաքում, սակայն մեծ հաշվով՝ Բաքվի հանդեպ ճնշումներ չեն բանեցվում:

«Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հնարավոր է», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ հավելելով, թե «համակարգող Բոնոն, քարտուղարը և մյուսները շարունակում են խորապես ներգրավված լինել այս հարցում»:

Ըստ ամենայնի, Վաշինգտոնում դեռ հույս ունեն, թե հնարավոր է Բաքվին հակել բանակցությունների իրենց հարթակում: 

Այստեղ, իհարկե, որոշակի վերապահում անենք՝ արդյո՞ք Վաշինգտոնը մտադիր է լիարժեք միջնորդ լինել, թե՞ ֆասիլիտատորի կարգավիճակը նրա համար բավարար է: Իսկ գուցե ԱՄՆ-ում սկզբունքորեն դե՞մ չեն Երևանի և Բաքվի ուղղակի բանակցություններին:

Համենայն դեպս, երեկ հեռավար ճեպազրույցի ժամանակ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը նման մի ակնարկ արել է: «Մի քանի հարց չհաշված` մենք շատ ոգևորված ենք, որ նրանք ունեն երկկողմ հագեցած օրակարգ և քննարկում են իրենց տարաձայնությունները»,- ասել է նա:

Ու սա այն դեպքում, որ ընդամենը նախօրեին Բաքվում հրաժարվել են ընդունել ԱՄՆ պետքարտուղարության բանագնացին:

Պաշտոնական Երևանը բարձր մակարդակով դեռ չի անդրադարձել Ալիևի հայտարարություններին, բայց ՔՊ որոշ գործիչներ երկչոտ հակազդեցության փորձեր արել են:

Հայկական կողմի համար սկզբունքային է, որ խաղաղության պայմանագրում հստակ ամրագրվի՝ սահմանազատումն իրականացվելու է խորհրդային շրջանի իրավասու մարմինների տպագրված և իրավական փաստաթղթերով հիմնավորված վերջին քարտեզներով: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: հավաստիացրել է՝ պաշտոնական Երևանը շարունակում է սա պնդել:

Մյուս կողմից, այս հայտարարությունը հակասում է Ալիևի այն պնդման, թե «...Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսված է այս ամիս, կլինի մեկ թեմա՝ Ղազախ-Թովուզ հատվածում սահմանի սահմանազատումը»:

Ընդ որում, Ալիևն ասել էր, թե այս հարցը Սանկտ Պետերբուրգում քննարկել է Փաշինյանի հետ:
Ադրբեջանի նախագահը ստո՞ւմ է, ի՞նչ են խոսել Փաշինյանն ու Ալիևը Սանկտ Պետերբուրգում: Այս հարցերի պատասխանները դեռ չգիտենք. վարչապետն ու նրա գրասենյակը համառորեն լռում են:

Փոխարենը, Հայաստանի կառավարությունը շարունակում է բավարարել Ալիևի քմահաճույքները, ընդ որում՝ մեր երկրի ինքնիշխան տարածքում:

Կառավարությունը երեկ որոշել է GTB Still ընկերությանը 3,5 միլիարդ դրամի բյուջետային վարկ տրամադրել 4 տարվա ժամկետով։ Սա այն ընկերությունն է, որը սահմանամերձ Երասխում կառուցում էր մետալուրգիական գործարան, ապա սեպտեմբերին սկսեց տեղափոխել գործարանը Արարատ գյուղ՝ Երասխից ու հայ-ադրբեջանական սահմանից մոտ 20 կիլոմետր հեռու։

Դա տեղի ունեցավ Ադրբեջանի պարտադրանքով ու պահանջով, ինչին փաստորեն հերթական անգամ Հայաստանի կառավարությունը տեղի տվեց:

Վահրամ Բագրատյան