ԿԲ-ն պետք է շարունակի բարձր տոկոսադրույքների քաղաքականությունը․ Տիգրան Խաչատրյան

Ազգային ժողովը քննարկում է 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը, որը մշակվել է միջազգային և տարածաշրջանային դժվարին մարտահրավերների պայմաններում։ Աժ հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ 

«Վերջին 1 տարվա ընթացքում համաշխարհային տնտեսական միջավայրը դարձել է ավելի անկայուն, միջազգային առևտուրը դանդաղել է, փոխադրումները դարձել են ավելի ծախսատար, ապրանքների և ծառայությունների գները շարունակում են աճել ամբողջ աշխարհում։ Նշված պայմանները բացասաբար են ազդել մեր տնտեսական միջավայրի վրա»,-ասաց Խաչատրյանը։ 

2022 թվականի 9 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 14.1%-ով, որի արդյունքում պետական բյուջեն սկզբնապես սահմանված հարկային եկամուտների պլանը գերակատարել է։ 

«Այսօրվա տնտեսական աճը կարող է դառնալ վերջին 15 կամ 20 տարիների ընթացքում արձանագրված ամենաբարձր աճի ցուցանիշներից մեկը՝ գտնվելով ՀՆԱ-ի 13-14% իրական աճի սահմաններում»,-ընդգծեց նախարարը։ 

2022 թվականի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ կարող է գերազանցել 19 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք սահմանը, իսկ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ 6500 ԱՄՆ դոլարը։ 

«Այս տարվա գնաճի տեմպերը շարունակում են մնալ բարձր՝ գտնվելով 9 %-ի սահմանում։ Տրամաբանական է, որ 2023 թվականին Կենտրոնական բանկը պետք է շարունակի բարձր տոկոսադրույքների քաղաքականությունը, ձգտելով հաջորդ տարեվերջին վերադառնալ գնաճի համար օրենքով սահմանված 4 % չափին»,-ամփոփեց Տիգրան Խաչատրյանը։