«Ի՞նչ անի խեղճ Նիկոլը, երբ 1945-ին մեր պապերը կասեցրին «միացյալ Հայաստան» կերտելու Հիտլերի ծրագիրը»

Երբ Օլիվեր Կրոմվելին Կառլոս Ստյուարտի նկատմամբ տարած հաղթանակից հետո ասում են, որ շոտլանդացիների հրամանատարները ցանկանում են իր հետ հանդիպել, պատասխանում է, որ որևէ հանդիպման կարիք չկա։ «Վճարեք նրանց իրենց ուզած գումարը ու թող չքվեն լեռներում իրենց խայտառակությունը թաքցնելու»։ Ըստ լուրերի, Կառլոս Ստյուարտը, որը ինքը լինելով շոտլանդացի, հույսը դրել էր հենց շոտլանդական ջոկատների վրա, դավաճանվեց վերջիններիս կողմից և հանձնվեց Օլիվեր Կրոմվելին։
Եվ ահա, ստի ու կեղծիքի քարոզիչ, հարյուրավոր, եթե չասենք՝ հազարավոր տղաների այդ ստերով մահվան դուռը տարած Արծրուն Հովհաննիսյանը, որը պետք է չքվեր հասարակության աչքից առհավետ ու ունենար այնքան ամոթ ու բարոյականություն, որ երբևէ եթերում չհայտնվեր, իրեն իրավունք է վերապահում դատողություններ անել աշխարհամարտերի մասին ու իր տգետ հետևություններով վիրավորել մի քանի սերունդ։
Թեպետ նա այդ ամենն անում է ավելի շուտ ոչ թե տգիտության, այլ թելադրանքի արդյունքում։ Առհասարակ ապացուցված է՝ կա մի գիծ, որ երբ մարդը անկման արդյունքում հասնում է այդ գծին, այլևս անկումը դառնում է անկասելի։ Այդ գծին հասած մարդը անմնացորդ ակապանվում է ոչ միայն ինքը, այլև ապականում է այն ամենը, ինչին հպվում է ու ինչի հետ առնչվում է։ Արծրուն Հովհաննիսյանն այդ գիծն անցած այն ապականված մարդն է, որը այլևս չունի որևէ արժեհամակարգ, որևէ սրբություն, որևէ կարմիր գիծ։
Սակայն, նա ինչպես եղել է այս իշխանության խոսափողը, այդպես էլ մնում է, այնպես որ պետք է ուշադրություն դարձնել ոչ թե նրա ապականված անձին, այլ թե ի՞նչ հող են այդ անձի բերանով նախապատրաստում իշխանությունները։
Նիկոլ Փաշինյանի ուղերձը հետևյալն է, որ Մայիսի 9-ը Եռատոնից միատոն դառնալը ճանապարհի միայն կեսն է, ամբողջական ընթացքը առհասարակ Մայիսի 9-ը մեր հասարակության գիտակցությունից ջնջելն է։ Այս իշխանությունների հիմնական թիրախները հայ ժողովրդի հաջողություններն են, հաղթական էջերը, ձեռք բերվածը զրոյացնելը, արժեզրկելը ու 180 աստիճանով ձևափոխելը։
Ըստ էության, ի՞նչ է ուզում ասել Նիկոլ Փաշինյանը Արծրուն Հովհաննիսյան «ռուպրի» միջոցով։ Որ եթե Գերմանիան հաղթեր Երկրորդ համաշխարհային պատերազմում, այսօր մենք կունենաինք «միացյալ Հայաստան»։ Սա շատ վտանգավոր թեզ է, որ ապագայում գեներացվելու է հայաստանյան «արևմտամետների» կողմից։ Հակառուսականության այս մոլուցքը քանդելու է մեր հերթական հաղթանակներից մեկը, իսկ այն, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակը նաև մեր հաղթանակն է, անուրանալի փաստ է։ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, որոնցից 300 հազարը զոհվել են, ունեցել ենք բազմաթիվ հերոսներ ու կրկնակի հերոսներ, մարշալներ ու գեներալներ։ Մեր ազգաբնակչության թվի համեմատ, սա ահռելի ցուցանիշ է, որն ապացուցում է, որ Հայաստանը ամբողջովին ներգրավված է եղել այդ պատերազմում, հետևաբար հաղթանակը կարող ենք ամբողջովին համարել նաև մերը։
Բայց ի՞նչ են անում այս իշխանությունները։ Սլաքներն ուղղելով դեպի Ռուսաստանը, իրականում ոչ միայն փորձում են արժեզրկել, իմաստազրկել, ոտնակոխ անել մեր պապերի հերոսություններն ու սխրանքները, այլև ավելին, նրանց են մեղավոր դարձնում այն բանում, որ մենք այսօր չունենք «միացյալ Հայաստան»։ Մեղավորներ փնտրելու գործում Նիկոլ Փաշինյանը գնում է ավելի հեռուն ու փորձում ամբողջացնել այն, դարձնել շղթայական։ Տրամաբանությունը հետևյալն է. եթե մեր պապերը այդպես հերոսաբար չմասնակցեին Հայրենական մեծ պատերազմին, կամ մասնակցեին Գերմանիայի կողմից, այսօր մենք կունենայինք «միացյալ Հայաստան», արդյունքում չէինք կորցնի նաև Արցախը։
Նիկոլ Փաշինյանի այս ուղղությունը բերում է նրան, որ աստիճանաբար, իր տարբեր խոսափողների միջոցով հանրությանը ներարկի այն գաղափարը, որ իրականում Մայիսի 9-ը ոչ թե մեր հաղթանակի, այլ կորստի օրն է, այդ օրը ոչ թե կարմիրով, այլ սևով պետք է գրվի Հայաստանի պատմության էջերում, իսկ այն, ինչ սև է, բնականաբար ենթակա չէ տոնական տրամադրությամբ նշելուն։
Այո, դավաճանությունը սահմաններ չի ունենում, այն լինում է ամբողջական ու անմնացորդ, արժեհամակարգի խեղմամբ, այլոց արածների ոտնահարմամբ ու տրորմամբ։ Դավաճանությունը մոռացնելու միայն մի ելք կա, նշանակել էլ ավելի մեծ «դավաճանների»։ Հայրենիքի հանձնելը արդարացնելու համար «թալանին» պետք է ավելացնել նաև «պատմական» հենք, որպեսզի սերունդներն ասեն. «Ի՞նչ անի խեղճ Նիկոլը, երբ 1945 թվականին կասեցվեց «միացյալ Հայաստան» կերտելու ծրագիրը»։
Կարեն Կարապետյան