Փաշինյանի՝ արտաքին քաղաքականությունից անտեղյակությո՞ւն, թե՞ ճգնաժամ՝ հայ-վրացական հարաբերություններում

Այսօր կոնյակագործները բողոքի ակցիա էին իրականացնում Վրաստանի դեսպանատան առջև, բողոքելով, որ վրացական կողմը խնդիրներ է առաջացնում բեռնափոխադրումների ժամանակ, հայկական մեքենաներին չի թողնում անցնել սահմանը, սպասեցնում է օրերով և այլն։ Հատկանշական է, որ բողոքի ակցիայի մասնակիցների փոխանցմամբ՝ ադրբեջանական մեքենաներն անարգել անցնում են Վրաստանի սահմանը, չհանդիպելով որևէ խոչընդոտի։
Թե որքանով Հայաստանում Վրաստանի դեսպանությունը կփորձի հարցը բարձրաձայնել հայրենի կառավարությունում, դա հարցի մյուս կողմն է, բայց տվյալ պահին խնդրի գլխավոր հասցեատերը ՀՀ իշխանություններն են ու բողոքի ակցիաները ոչ թե Վրաստանի դեսպանատան, այլ ՀՀ կառավարության առջև պետք է իրականացվեն։
Ընդ որում հաշվի առնենք, որ վերոնշյալ խնդիրները նոր չեն առաջացել, այդ բողոքները հնչում են արդեն տևական ժամանակ, ինչը ցույց է տալիս, որ պատկան ոլորտներին կա՛մ չի հետաքրքրում առկա իրավիճակը, կա՛մ Վրաստանի համապատասխան մարմինների հետ չեն կարողանում կարգավորել հարցերը։ Ի դեպ, նմանատիպ խնդիրները ուղիղ առնչվում են նաև ՀՀ տնտեսությանն ու միջպետական հարաբերություններին, տվյալ դեպքում Վրաստանի հետ։
Եթե Հայաստանի համապատասխան ոլորտներին չի հետաքրքրում արդեն տևական ժամանակ բարձրաձայնվող խնդիրները, նշանակում է գործ ունենք կառավարման անկարողության ու ամենաթողության, ոլորտների ղեկավարության ոչ կոմպետենտության հետ։
Իսկ եթե հարցի չկարգավորման պատճառը վրացական կողմն է, սա էլ իր հերթին նշանակում է ճգնաժամ՝ հայ-վրացական հարաբերություններում։
Քանի որ Նիկոլ Փաշինյանի մտասևեռումը միայն «խաղաղության խաչմերուկն է» ու միջպետական հարաբերությունները նրա ընկալումներում նույնանում է միայն պատերազմի առկայության ու բացակայության հետ, ապա գուցե չգիտակցի, որ երկու պետությունների հարաբերություններում նման հարցերի չկարգավորումը նույնպես փաստում է այն մասին, որ ամեն ինչ չէ, որ նորմալ է։ Գտնվելով խաղաղության ռեժիմում, այնուամենայնիվ պետություններից առնվազն մեկն այնքան էլ բարյացակամորեն տրամադրված չէ մյուսի հանդեպ։ Հետևաբար, անհրաժեշտ է դիվանագիտական աշխատանք՝ հարաբերություններն ամբողջական կարգավորելու համար։
Ավելորդ է անգամ նշել, որ շատ հաճախ համաշխարհային պրակտիկայում նման խնդիրների առաջացման դեպքում այդ ուղղությամբ աշխատում են ոչ միայն տվյալ պետությունների համապատասխան ճյուղերը, այլ առաջացած ճգնաժամը լուծելու համար ուղիղ բանակցում ու հանդիպում են պետությունների առաջին դեմքերը։
Բայց քանի որ տվյալ դեպքում երկու պետություններից առնվազն մեկը՝ ՀՀ վարչապետը, նոր է գիտակցել կրթության անհրաժեշտության մասին, ապա ենթադրվում է, որ մինչև նա հասնի քաղաքական գիտելիքների յուրացմանն ու ընկալի միջպետական հարաբերությունների ամբողջ ասպեկտը, մեր քաղաքացիները ստիպված կլինեն դեռևս երկար տարբեր ակցիաներ իրականացնել այս կամ այն պետության դեսպանատան առջև։
Կարեն Կարապետյան