Փաշինյանը սպառնաց արցախցիներին 

Փաշինյանը սպառնաց արցախցիներին 

«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա, թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգությանը: Հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին։ Ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ բոլորի համար պարզ լինի, որ ՀՀ-ում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում»,- այսօր կառավարության նիստի մեկնարկին ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքն ակնհայտորեն վերաբերում է Արցախի վտարանդի կառավարությանն ու արձագանք է Սամվել Շահրամանյանի՝ Le Figaro-ին տված հարցազրույցին:

Նախ, Փաշինյանի ասածի մեջ տրամաբանական մի սխալ կա. արցախցիները ստեղծել են իրենց կառավարությունը, և կարիք չկա անընդհատ կրկնել, թե Հայաստանում կա մեկ օրինական կառավարություն:

Բովանդակային հարթության վրա Փաշինյանը հերթական թեզն է առաջ քաշում՝ «եթե զիջում չանենք, ցուլերը մեզ կգզեն» մոտիվով:

Սկզբում «ցուլերը» կատաղել էին Հայաստանի Սահմանադրության վրա, հետո մեջտեղ եկավ չորս գյուղերի վերադարձի հարցը, հիմա բանը հասել է Արցախի վտարանդի կառավարությանը:

Աշխարհում բազմաթիվ դեպքեր կան, երբ այլ երկրի տարածքում գործել է վտարանդի կառավարություն:

Օրինակ, Փաշինյանը հանգիստ կարող էր հայտարարել, որ Հայաստանը չի խրախուսում Արցախի վտարանդի կառավարության գործունեությունը, բայց դեմոկրատական երկիր է ու չի կարող արգելել դրա գործունեությունը:

Եթե այսօրվա դիսբալանսի պայմաններում Փաշինյանը չի կարող իրեն նման «շռայլություն» թույլ տալ, գոնե կարող էր երկխոսության մեջ մտնել արցախցիների հետ ու նրանց հետ քննարկել Արցախի ժողովրդի ինքնակազմակերպման ավելի անվտանգ տարբերակ:

Բայց Փաշինյանը դա չի արել՝ գերադասելով ադրբեջանական օրակարգով ահաբեկել այս մարդկանց:

Վահրամ Բագրատյան