Ադրբեջանի, թե՞ Բելառուսի պահանջով. Ռուբեն Մելիքյանը՝ Լապշինի գործի մասին

Ադրբեջանի, թե՞ Բելառուսի պահանջով. Ռուբեն Մելիքյանը՝ Լապշինի գործի մասին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ում պահում էին «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնում և թույլ չէին տալիս մուտք գործել Հայաստան, ազատ է արձակվել։

MediaHub-ի հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով մեկնել էր՝ տեղում հասկանալու իրավիճակը, հայտնեց, որ Ոստիկանությունից ասել են, թե թյուրիմացություն է տեղի ունեցել։

«Ոստիկանությունից ասացին, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, Ալեքսանդրին Ադրբեջանի պահանջով չեն ձերբակալել, այլ՝ Բելառուսի: Ձերբակալությունը որևէ կապ չունի Ադրբեջանի հետ»,- ասաց Մելիքյանը։  

Իրավապաշտպանը հավելեց, որ դա տեղի չի ունեցել Ինտերպոլի շրջանակներում, այլ կա՛մ միջպետական համագործակցության, կա՛մ ԱՊՀ շրջանակներում: 

«Որոշում կայացնողը Դատախազությունն է: Այսինքն՝ և՛ ձերբակալման, և՛ ազատ արձակման որոշումը կայացվել է դատախազի կողմից, այլ ոչ թե Ոստիկանության, որովհետև խոսքը չի վերաբերվում ՀՀ-ում ենթադրաբար կատարված արարքին, այլ վերաբերվում է մեկ այլ պետության պահանջին»,- ասաց նա։   

Հիշեցնենք, որ ավելի վաղ MediaHub-ը կապ հաստատեց Լապշինի հետ, որը հայտնել էր, որ իրեն պահում են «Զվարթնոց» օդանավակայանում.   

«Ինձ ձերբակալում են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, ես ժամանել եմ Եվրոպայից: Ասացին, որ հետախուզում է հայտարարված Ադրբեջանի Հանրապետության կողմից, և ևս մեկ պետության, որը, ենթադրում եմ, Բելառուսն է»,- նշել էր Լապշինը մեզ հետ զրույցում:

Հարցին, թե ո՞րն է նման քայլի պատճառը, նա նշել էր, որ իրեն ասել են Ադրբեջանի սահմանի անօրինական հատումն է, այսինքն Արցախ այցը:

 

Ռեբեկա Հովհաննիսյան