Թանկացում, նոր գնաճի սպասում. ի՞նչ վիճակ է անշարժ գույքի շուկայում և արդյոք ՌԴ-ից նոր հոսքեր են սպասվում

Թանկացում, նոր գնաճի սպասում. ի՞նչ վիճակ է անշարժ գույքի շուկայում և արդյոք ՌԴ-ից նոր հոսքեր են սպասվում

Հայաստանում վերջին շուրջ մեկ տարվա ընթացքում ակտուալ խնդիրների շարքին դասվեցին նաև անշարժ գույքի շուկայում առկա հարցերը, որտեղ ինչպես վարձով, այնպես էլ վաճառքի ենթակա տների գներն աննախադեպ աճ գրանցեցին՝ լրջագույն անհարմարություններ ստեղծելով քաղաքացիների համար։ 

«ՍԻԼՎԵՐ Ռ.Ե.Ա.» անշարժ գույքի գործակալության ղեկավար Անդրանիկ Հարությունովը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, 2022 թվականի փետրվարից սկսած, մեծ թվով ռուսաստանցիներ ժամանեցին Հայաստան, որն էլ ուղիղ ազդեցություն ունեցավ անշարժ գույքի շուկայի վրա։ Նրա խոսքով, Ռուսաստանից եկածների առաջին հոսքը հիմնականում աշխատում էին IT ոլորտում, դրսի ընկերությունների հետ, և քանի որ Ռուսաստանը պատժամիջոցների տակ էր, ապա Հայաստանն ամենահարմար տարբերակն էր մնալու համար։ 

«Այս ամեն ինչի ֆոնին անշարժ գույքի շուկայում դեֆիցիտ առաջացավ, վարձակալությամբ հանձնվող բնակարանների գները կտրուկ բարձրացան, ինչն աննախադեպ էր մեր երկրի համար, հատկապես՝ մեր փոքր քաղաքի համար: Ոչ ոք չէր սպասում, որ նման հոսք կլինի, որովհետև մարդիկ շտապ որոշում էին կայացրել և եկել էին այստեղ»,-ասաց Անդրանիկ Հարությունովը։

Ինչու ռուսներից շատերը ընտրեցին հենց Հայաստանը հարցին պատասխանում է՝ շատ պատճառներ կան. փաստաթղթային գործընթացը դյուրին էր, հաշվի առնելով նաև երկրի ԵԱՏՄ անդամ լինելը, ինչպես նաև ՌԴ քաղաքացիները իրենց ներքին անձնագրով կարող են գալ Հայաստան, ընկերություններ բացել և այլն։ 

«Ինչ-որ մի պահի շուկան սկսեց կարգավորվել, բոլորը տեղավորվեցին, ով մնալու էր՝ մնաց, գնացողները գնացին, հետո՝ աշնանը, սկսվեց մոբիլիզացիան, որի հետևանքով Ռուսաստանից նորից մեծ հոսք եղավ դեպի մեր երկիր»,-ասաց Հարությունովը։ 

Նշենք, որ սեպտեմբերի 21-ին Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարվեց։ «Երկրորդ հոսքի ժամանակ ժամանածներն արդեն կոնկրետ մասնագետներ չէին, այլ ով պատահի գալիս էր, ու նաև շատ հայեր եկան՝ Ռուսաստանում ապրող Հայաստանի քաղաքացիներ, ովքեր չէին ուզում գնալ պատերազմ: Նրանք էլ տեղափոխվեցին և հիմնականում ուզում էին տուն գնել, իսկ ռուսաստանցիները, ովքեր գալիս էին, ուզում էին տներ վարձակալել Երևանում կամ մարզերում»,-նշեց անշարժ գույքի գործակալության ղեկավարը։ 

Հայաստանը ամեն նման հոսքը դիմավորում է նոր գնաճով համապատասխան շուկայում, ինչը էլ ավելի շատ խնդիրներ է հարուցում մեր քաղաքացիների համաև: Ռուսաստանում հայտարարված զորահավաքից հետո Հայաստանում կրկին թանկացան անշարժ գույքի գները, հետևաբար՝ նաև տների կամ բնակարանների վարձակալությունը։ «Մեզ մոտ աբսուրդային բարձրացան վարձակալության գները, ինչը լուրջ  նեղություն տվեց մեր քաղաքացիներին, ովքեր վարձակալությամբ էին ապրում՝ խոսքը թե՛ ուսանողների, թե՛ շարքային քաղաքացիների մասին է, քանի որ գները 3 կամ 4 անգամ բարձրացան»,-ասաց մեր զրուցակիցը։ Նրա խոսքով՝ այս պահին Ռուսաստանից եկողների հոսքը մի քիչ թուլացել , բայց նրանց շրջանում խոսակցություններ կան, որ հնարավոր է նորից մոբիլիզացիայի ալիք լինի, շատ հնարավոր է Ամանորից հետո, և հնարավոր է այս անգամ ավելի շատ մարդիկ գան։ 

«Այս պահին գների բարձրացումը մի քիչ կանգ է առել, նույնիսկ սկսել է նվազել »,-նշեց Անդրանիկ Հարությունովը։ 
Խնդիրը, որի վրա նա հրավիրում է ուշադրությունը, կայանում է  նրանում, որ Հայաստանում, ի տարբերություն եվրոպական երկրների, անշարժ գույքի շուկայում գործող օրենքներով կարգավորումներ չկան. Եվրոպայում վարձակալին չեն կարող միանգամից հանել տնից, մինչև իր համար նույն գնով և պայմաններով բնակարան չգտնեն։ Այսպիսի երկրների շարքում է, օրինակ, Գերմանիան։ 

Հարցին, թե որքան գումար է նվազագույնն անհրաժեշտ, որ քաղաքացին Երևանում վարձակալի բնակարան, Հարությունովը պատասխանում է ամենաքիչը՝ 250 հազար դրամ: Մինչդեռ, հարցադրում է անում նա, շատ չեն այն մարդիկ որոնք ամսական այդքան գումար են ստանում։ Անդրանիկ Հարությունովը հավելեց, որ խնդիրներն այս ոլորտում շատ-շատ են, ով ուզում է՝ զբաղվում է բրոկերությամբ, վերահսկողությունն էլ պատշաճ մակարդակի չէ: Արդյունքում էլ շատերը իրենց խաբված են զգում, այդ կերպ նաև թիրախավորելով մեր երկրի անունը: 

Շուշանիկ Միսկարյան