Իմիտացիա՝ հանուն Նիկոլի

Իմիտացիա՝ հանուն Նիկոլի

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը՝ 8 կողմ, դեմ՝ 1, ձեռնապահ՝ 1 ձայների հարաբերակցությամբ կողմ է քվեարկել խորհրդարանական կառավարման ձևի պահպանմանն ու խորհրդարանական կառավարման մոդելի բարելավմանը:

Խորհուրդն, ըստ էության, իրականություն է դարձրել Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերը:

Կառավարման գործող մոդելը միայն Փաշինյանին է ձեռնտու, որովհետև թույլ է տալիս «գրպանում» պահել խորհրդարանական մեծամասնությանը ու նաև՝ ձևական հրաժարականի ճանապարհով, իրականում պահպանել վարչապետի պաշտոնը ու վերարտադրել իշխանությունը, երբ, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն է առաջանում:

Գրեթե աքսիոմատիկ ճշմարտություն է. այն, ինչ ձեռնտու է Փաշինյանի իշխանությանը, ապակայունացման լուրջ ռիսկ է Հայաստանի համար:

Խորհրդարանական մոդելի պահպանումը ճանապարհ է բացում պերմանենտ արտահերթ ընտրությունների համար: Այս համակարգն ամբողջովին գործում է 4,5 տարի, արդեն ունեցել ենք երկու արտահերթ ընտրություններ:
Այս ԱԺ-ն էլ չի պաշտովարելու իր մանդատի ամբողջ ընթացքում, այսինքն՝ մինչև 2026թ-ը:

Փաստորեն, գործ ունենք սահմանադրական փոփոխությունների իմիտացիայի հետ, որը միտված է Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդմանը:

Հիմա լեգիտիմ հարց կարող է առաջանալ՝ ինչի՞ համար էր այս գործընթացը, եթե կառավարման համակարգն ամեն դեպքում անփոփոխ էր մնալու:

Բանն այն է, որ Փաշինյանն այս որոշմանը միանգամից չի հանգել: Հետպատերազմյան ներքաղաքական ճգնաժամի ինչ-որ փուլում նրան իսկապես թվացել էր, թե սեփական իշխանության փրկության ելք կարող է լինել անցումը կիսանախագահական համակարգին:

Հենց այդ նպատակով էլ նախաձեռնվեց սահմանադրական ռեֆորմը, բայց 2021-ի արտահերթ ընտրությունները ու դրանց արդյունքները Փաշինյանին վերջնականապես համոզեցին, որ գործող համակարգը փրկօղակ է, ինչի շնորհիվ կարողանում է իր գրպանում պահել խորհրդարանական մեծամասնությանը, կառավարությանը, կառավարող կուսակցությանը:

Հանուն դրա՝ «հեղափոխական» Փաշինյանը շատ հարմար տեղավորվեց այն «կոստյումի» մեջ, որը «կարված» էր Սերժ Սարգսյանի համար:

Վահրամ Բագրատյան