Մոսկվան չի հավատում ՔՊ-ի «կոմպլիմենտներին»

Մոսկվան չի հավատում ՔՊ-ի «կոմպլիմենտներին»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը համոզմունք են հայտնել, որ այսուհետ ևս հայ-ռուսական դաշնակցային փոխշահավետ հարաբերությունները տարբեր ոլորտներում կշարունակեն արդյունավետ կերպով զարգանալ ու ամրապնդվել:


Չնայած հրապարակային հայտարարություններին՝ հայ-ռուսական հարաբերությունները ՔՊ-ի օրոք կաթվածահար վիճակում են: 2018թ.-ին ՀՀ-ում իշխանության եկան կամ բերվեցին այն ուժերը, ովքեր տասնամյակներ շարունակ քննադատում են հայ-ռուսական դաշնակցային կապերի ամրապնդումը, ՀՀ-ի մուտքն ԵԱՏՄ ու անդամակցությունը ՀԱՊԿ-ին: ՔՊ-ականներից շատերը «ընդդիմադիր» լինելու շրջանում բազմաթիվ ակցիաներ են իրականացրել ՌԴ-ի դեսպանատան դիմաց. Մոսկվան դա չի մոռացել և այսօր չի հավատում Փաշինյանի և թիմի մեսիջներին և «կոմպլիմենտներին», ինչպես ասում են՝ «Москва слезам не верит»:


ՔՊ-ականներն ապացուցել են, որ ի վիճակի չեն որևէ բան անել ՀՀ քաղաքացիների համար ո՛չ անվտանգային առումով, ո՛չ սոցիալ-տնտեսական կյանքի բարելավման: Նրանք կարողանում են միայն վայելել իշխանությունն ու հարստացնել իրենց ընտանիքներին և կուսակիցներին:


ՌԴ-ին ձեռնտու չէ, որ Երևանում իշխանության են այնպիսի ուժեր, որոնք չեն դիմադրում ադրբեջանական սադրանքներին: «Նախկինների» օրոք Ալիևը չէր կարող երազել, որ հայտնվելու է Շուշիում կամ հայաթափելու է Բերձորը: ՔՊ-ականները կյանքի են կոչում Ալիևի երազանքները՝ մնալով իշխանության ՀՀ քաղաքացիների պասիվության և վարչական լծակների շնորհիվ:


Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերությունները կրելու են իրոք ռազմավարական բնույթ միայն ՔՊ-ականների հեռացման պարագայում:

Վահրամ Բագրատյան