Եմենի վարչապետը հրաժարական է տվել

Եմենի վարչապետ Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը հրաժարական է տվել՝ աշխատանքը կատարելու անունակության պատճառով։ Այս մասին նա տեղեկացրել է X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ։
«Ավարտեցի հանդիպումը նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի հետ և նրան փոխանցեցի վարչապետի պաշտոնից հրաժարականիս խնդրագիրը»,- նշել է բեն Մուբարաքը։
Հրաժարական տալու իր որոշումը նա հիմնավորել է իր սահմանադրական լիազորությունները կատարելու և կառավարությունում վերադասավորումներ իրականացնելու անկարողությամբ։
Բեն Մուբարաքն ընդգծել է, որ աշխատանքի ընթացքում բախվել է բազմաթիվ դժվարությունների։
Բեն Մուբարաքը Եմենի վարչապետ էր նշանակվել 2024 թվականի փետրվարի սկզբին։ Նախկինում նա զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։
Եմենի Al Masdar Online հրատարակության տվյալներով՝ բեն Մուբարաքի հրաժարականը պայմանավորված է երկրի կառավարությունում առկա տարաձայնություններով։
Նշվում է, որ Եմենի նախարարների կաբինետի վերջին նիստը տեղի է ունեցել 2024 թվականի նոյեմբերին։2014 թվականի սեպտեմբերից Եմենի կենտրոնական և հյուսիսային նահանգների մեծ մասը, ներառյալ՝ մայրաքաղաք Սանան, վերահսկում է հութիների «Անսար Ալահ» շարժումը։
2015 թվականին Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական դաշինքը ռազմական գործողություն էր սկսել Եմենի բանակին աջակցելու և վերոնշյալ տարածքները հութիների խմբավորման վերահսկողությունից ազատելու նպատակով, սակայն մինչ օրս չի կարողացել հաջողության հասնել։