Ես Նիկոլ Փաշինյան պատմաբանի կամ գիտնականի չեմ ճանաչում. ծիծաղելի է, զավեշտալի․ Դեմոյան

Ես Նիկոլ Փաշինյան պատմաբանի կամ գիտնականի չեմ ճանաչում. ծիծաղելի է, զավեշտալի․ Դեմոյան

«Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»։ Հայաստանի կառավարության գլխի հերթական «հայրենանվեր ու պետականամետ» մոտեցումն է, որ ԿԳՄՍ նախարարությունը որոշեց ժամ առաջ քննարկման դնել՝ ապագայում օրենք ընդունելու նպատակով։

Ըստ Փաշինյանի՝ «Հայաստանի պատմությունը» լինելու է Հայաստանի պետականության մասին, մինչդեռ հայոց պատմությունն ավելի շատ հայոց պետականության կորստի մասին է։
Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունը, սակայն, ըստ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի դիտարկման՝ աճպարարություն է, մանիպուլյացիա։

«Սա կեղծ օրակարգ է հանրային ուշադրությունը զբաղեցնելու համար։ Միշտ էլ առավել վտանգավոր գործարքների գնալուց առաջ նման ծխածածկույթ օգտագործում են այս իշխանությունները։ Եվ եթե ներքին ճակատում կան ֆիասկոներ, ապա այդ ծխածածկույթը կոչված է լինելու կոռուպցիոն ու խայտառակ գործարքները թաքցնելուն։ Այս իշխանություն կոչվածը հիմա նպատակ ունի ծածկել այն խայտառակությունն ու ֆիասկոն, որ առկա է «Հայոց պատմության» այդ խայտառակ դասագրքերի շուրջ»,- նկատեց Դեմոյանը։

Նրա խոսքով՝ «Հայոց պատմություն» դասագրքերի առումով ԿԳՄՍ նախարարը բառի բուն իմաստով ստախոսությամբ է զբաղված, քանի որ խոստացել էր անկախ փորձագետների կարծիքը հրապարակել, սակայն դա այդպես էլ չի արվել։

«Նախարարությունն ուղղակի զոռբայությամբ առաջ է տանում դասագիրքը։ Եվ այս կեղծ օրակարգի նպատակներից մեկը դասագրքի հետ կապված դժգոհությունների ալիքը շեղելն է»,- նշեց մեր զրուցակիցը։

Իսկ ի՞նչ կփոխվի «Հայոց պատմություն» եզրույթից հրաժարվելու դեպքում․ ըստ Հայկ Դեմոյանի՝ ոչինչ։

«Պատմությունը չես կարող կտրել, գցել մի կողմ։ Ես Նիկոլ Փաշինյան պատմաբանի կամ գիտնականի չեմ ճանաչում։ Այ ես, օրինակ, որպես պատմաբան արձանագրել եմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ մեր պետականությունը հարցի տակ դնելու հետ կապված։ Ի դեպ, իր լեգիտիմությունը ևս հարցականի տակ է դրել տվյալ անձը։ Երբ ասում էր, թե Հայաստանը չունի կադաստրի վկայական, նա պիտի հասկանար, որ էդ երկրի վարչապետը նույնպես չունի վկայական։ Ես արձանագրել եմ նաև տվյալ անձի կողմից քրեական պատասխանատություն ենթադրող արարք․ նա ծաղրուծանակի էր ենթարկում պետական խորհրդանշանը, կամ երբ իր թիմակիցները փորձում էին ցեղասպանության օրվա խորհուրդը փոխել։ Այս ամենը մեկ փաթեթի մեջ է, ունի մեկ ուղղվածություն։ Ընդ որում, նրանք իրենց դրսից ստացած պատվերը չեն կարողանում գրագետ ու առանց աղմուկի անել, քանի որ իրենց ինտելեկտուալ պոտենցիալը դա թույլ չի տալիս»,- նկատեց Հայկ Դեմոյանը։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այդ ամենը ևս անհետևանք չի մնում․ որպես փաստ կարելի է առանձնացնել Երևանի քաղաքային իշխանության ընտրությունները, երբ ՔՊ-ն ապահովեց անփառունակ արդյունք։

«Քաղաքական լեգիտիմության այսպիսի ցածր մակարդակով մարդկանց խումբն ունի՞ նման իրավունք, որ քիթը խոթի պատմություն վերաձևելու մեջ։ Ծիծաղելի է, զավեշտալի։ Ինչևէ, այս ամենը կարելի է դիտարկել ազգային ողբերգության փաթեթի մեջ»,- ամփոփեց խոսքը Հայկ Դեմոյանը։

Նարե Գնունի