Ո՞նց կարող է ԱԺ-ն էթիկայի հանձնաժողով չունենա, և այդ հանձնաժողովը Ալեն Սիմոնյանի ձեռքից մանդատը չվերցնի

Ազգային ժողովում այսօր ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) փորձագետների ու ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների եւ փորձագետների մասնակցությամբ քննարկվել է պատգամավորական բարեվարքության եւ վարքագծի կանոնագրքի, ինչպես նաև էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծելու հարցը։
«Տեւական ժամանակ է՝ քննարկվում է ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի լավագույն մոդել ունենալու հարցը: Մենք ունենք նախնական նախագիծ»,- քննարկմանը հայտարարել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
MediaHub-ը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանից հետաքրքրվեց, թե մասնակցե՞լ է, արդյոք, այս քննարկմանը, և ի՞նչ կարող է ասել, առհասարակ, էթիկայի մշտական հանձնաժողով ձևավորելու գաղափարին։
«Ես չեմ մասնակցել այդ հանդիպմանը, որովհետև երկար ժամանակ ես չեմ մասնակցում այն հանդիպումներին, նույնիսկ միջազգային կառույցների ներկայացուցիչների մակարդակով, որոնք տեղի են ունենում ՔՊ խմբակցության պատգամավորների ներգրավմամբ, որովհետև իրենք Ազգային ժողովն օկուպացրել են, դարձրել են ՔՊ կուսակցության միանձնյա կառավարման հիմնարկ, և ես չեմ ուզում դառնալ այդ հիմնարկի աշխատակից։ Ես հիմնականում նմանատիպ հանդիպումներն ունենում եմ առանձին, և իմ միջազգային գործընկերները սիրով ինձ հետ առանձին հանդիպում են»,-ասաց Թագուհի Թովմասյանը։
Ինչ վերաբերում է էթիկայի հանձնաժողով ձևավորելու գաղափարին, ապա տիկին Թովմասյանն ասաց, որ երկար տարիներ իրենք բարձրաձայնում են, որ էթիկայի հանձնաժողովի ձևավորման անհրաժեշտությոին կա, որովհետև Աժ պատգամավորներն իրենց խոսույթով, իրենց պահվածքով՝ խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս, հատել են էթիկայի և բարեվարքության բոլոր նորմերը։
«Օրինակ՝ ինչպե՞ս կարող է մի Ազգային ժողովում չլինել էթիկայի հանձնաժողով, որի նախագահը հրահանգում է քաղաքացու ձեռքերը ոլորել, հետո ինքը թքում է այդ քաղաքացու երեսին։ Ո՞նց կարող է տվյալ ԱԺ-ն էթիկայի հանձնաժողով չունենա, և այդ հանձնաժողովը խստագույնս չգնահատի և Ալեն Սիմոնյանի ձեռքից մանդատը չվերցնի։ Դա անպատկերացնելի է»,-ասաց Թագուհի Թովմասյանը։
Մեր դիտարկմանը, թե մտավախություն չկա՞, որ այդ էթիկայի հանձնաժողովի գոյությունը վաղը կարող է ՔՊ-ականներն ընդդիմադիր պատգամավորների դեմ օգտագործեն ավելի շատ՝ իրենց վարքուբարքը քննելու փոխարեն, ընդդիմադիր պատգամավորն ասաց․
«Բացառված չէ, որովհետև իրենք ունեն բացարձակ մեծամասնություն, և դրա համար ասացի, որ իրենք Ազգային ժողովը, ըստ էության, վերածել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնարկի։ Հետևաբար, կարող է իրենք ձևավորեն, իրենք էլ նախագահ դնեն։ Բայց բոլոր նորմալ, ժողովրդավարական կամ դեպի ժողովրդավարություն ձգտող երկրներում էթիկայի հանձնաժողովը ղեկավարում է ընդդիմությունը, որպեսզի լինի առավել անկաշկանդ»։
Վահե Մակարյան