«Ռուբոն վայթե հաղթե գը, գողնա՞մ իրա հեշթեգը»․ ՔՊ-ն գողացե՞լ է Ռուբեն Մխիթարյանի կարգախոսը

Գյումրու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ՔՊ-ականները՝ իրենց քաղաքապետի ԺՊ Սարիկ Մինասյանով, կարծես թե, մի փոքր ուշացել են կրեատիվ կարգախոս հնարելու հարցում և կամա, թե ակամա, բայց կրկնել են այդ նույն ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Ռուբեն Մխիթարյանի կողմից օգտագործվող հեշթեգը։
Մխիթարյանն իր տեսանյութերում օգտագործում է «#ՄերՌուբոնէ» հեշթեգը, նաև վերջում խմբով բացականչում են՝ «Մեր Ռուբոն է»։ Այդ բացականչությունը ձայնագրվել է կիրակի օրը՝ ամսի 16-ին։
Եվ, ահա, այսօր տեսնում ենք, որ ՔՊ-ի նորաթուխ ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանի նախընտրական պաստառի վրա որպես կարգախոս գրված է․ «Մեր Սարիկը»։ Համացանցում արդեն կատակում են, որ ՔՊ-ականների կրեատիվ միտքը, փաստորեն, չորացել է, որ ստիպված են իրենց թեկնածուի կարգախոսը գողանալ Ռուբեն Մխիթարյանից։
«Ռուբոն վայթե հաղթե գը, գողնա՞մ իրա հեշթեգը»,- Սարիկ Մինասյանի պաստառը տարածել ու ՔՊ-ին ծաղրում են ընդդիմադիրները։
Ի դեպ, Սարիկ Մինասյանի դեպքում ՔՊ-ի կողմից «Մեր Սարիկը» բնորոշումը մի փոքր ուռճացված ու ճոխացրած է, որովհետև Սարիկը մինչև իրենցը լինելը նախ «Լուսավորինն» էր (Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – խմբ.), ուստի կարող էին ավելացնել՝ «Լուսավորից պոկված մեր Սարիկը» կամ նման մի բան։
Վահե Մակարյան