Առաջարկվում է կարգավորել կառուցման փուլում գտնվող շենքերի նկատմամբ անշարժ գույքի հարկի հաշվարկման մոտեցումները. «Փաստ»

Առաջարկվում է կարգավորել կառուցման փուլում գտնվող շենքերի նկատմամբ անշարժ գույքի հարկի հաշվարկման մոտեցումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում: Նախագծի մշակումը պայմանավորված է կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնող բազմաթիվ ընկերությունների կողմից գործնականում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ կառուցվող շենքի նկատմամբ անշարժ գույքի հարկով հարկման մեխանիզմը հաշվարկելու և կիրառելու մասով: Առաջարկվում է կարգավորել դեռևս կառուցման փուլում գտնվող (անավարտ) շենքերի նկատմամբ անշարժ գույքի հարկի հաշվարկման մոտեցումները։

Առկա օրենսդրությամբ սահմանված կարգավորումների համաձայն՝ 2023 թվականից մեկնարկած կառուցապատման ծրագրերի վրա հաշվարկվում է չկառուցված շենքի (անավարտ) անշարժ գույքի հարկ։ Կառուցապատողները, համաձայն գործող օրենսդրության, հնարավորություն ունեն երկարաձգել չկառուցված շենքի (անավարտ) շինարարության թույլտվությունների ժամկետները՝ համայնքին վճարելով տեղական տուրքեր։ 2025 թ.-ի հունվարի 30-ի դրությամբ Երևանում բազմաբնակարան շենքերի շինարարության թույլտվությունների ժամկետների ու մակերեսների վերաբերյալ առկա տվյալների համաձայն՝ 79 շինարարության թույլտվություններից 20-ի ժամկետները լրացել ու չեն երկարաձգվել, 12-ի ժամկետները լրացել ու երկարաձգվել են 1 անգամ, 47-ի ժամկետները լրացել ու երկարաձգվել են 2 և ավելի անգամ։ Արդյունքում ստացվում է, որ առկա են 850,662 քմ նախագծային մակերեսով թվով 79 շինարարության թույլտվություններ, վերջիններիս հիման վրա իրականացվող պոտենցիալ ռիսկային պրոյեկտներ, որոնց ժամկետները կամ լրացած են ու չերկարաձգված, կամ էլ լրացել ու երկարաձգվել են 1 կամ 2 անգամ, վերջիններս արդեն իսկ ունեն խնդիրներ, բացի այդ՝ կրում են նաև գույքահարկի հաշվարկման ու գանձման ռիսկեր։ Բացի դրանից, առկա է ընդհանուր թվով 154 շինարարության թույլտվություն, որոնք ավարտվում են 2025 թ.-ին, ընդհանուր՝ 2,199,502 քմ նախագծային մակերեսով, որոնց մի մասը կամ արդեն ունեն գույքահարկի խնդիր կամ կունենան այդ խնդիրը մոտակա ամիսներին: Նշված շինարարության թույլտվություններից 60-65-ի ժամկետներն այս տարի ենթակա են երկարաձգման, քանի որ ժամկետում չեն կարող ավարտել մեկնարկած պրոյեկտը և երկարաձգման հիմքով ենթակա են վճարման նաև տեղական տուրքեր: Մոտ 30 շինարարության թույլտվությունների ժամկետներն արդեն իսկ ավարտվել են, դրանց կառուցապատողները դիմել ու երկարաձգել են՝ 2024- 2025 թթ. ընթացքում՝ վճարելով երկարաձգման գծով տեղական տուրքեր: 2025 թ.-ի հունվարի 30-ի դրությամբ՝ Երևանում առկա է 3,050,164 քմ նախագծային մակերեսով շինարարության թույլտվություն, որոնք կրում են գույքահարկի վճարման ռիսկեր:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում