Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Փաշինյանի համար, Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ․ Մամուլը՝ սուրճով

«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, ՔՊում ակտիվ քննարկումներ են ընթանում ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու հնարավորության շուրջ: Արտաքուստ սա տարօրինակ կարող է թվալ՝ հաշվի առնելով Գյումրու և Փարաքարի ընտրությունների արդյունքները, ինչպես նաև տարբեր սոցհարցումների տվյալները, որոնց համաձայն, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հազիվ հասնում է 9-10 տոկոսի:
Սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ հենց այստեղ էլ «թաքնված է շան գլուխը»: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հիմա հայտնվել է «մուրճի ու զնդանի» միջև: Ներսում վարկանիշը հասել է պատմական մինիմումի, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ակնհայտորեն տապալվելու է, իսկ Թուրքիան ու Ադրբեջանն իրենց պահանջներն ավելի ու ավելի են շատացնում, իսկ ճնշումներն՝ ուժեղացնում: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի համար արտահերթը կարող է դառնալ «փրկօղակ» այն համատեքստում, որ ոչ թե ձգտեն «վերահսկիչ» փաթեթի, այլ ընդհակառակը՝ հասնեն մոտավորապես Գյումրու պատկերին: Ճիշտ է, նույնիսկ «բլոկ» փաթեթ ունենալու համար անհրաժեշտ կլինի սատելիտ 1-2 ուժի անցկացնել խորհրդարան, բայց այդպիսով միասնական ջանքերով կապահովեն գոնե 40 տոկոս, կմնան «ջրի երեսին» և ամբողջ «կուժն ու կուլան» կջարդեն հաղթած և իշխանություն վերցրած (թեկուզ էլի կոալիցիոն սկզբունքով) ընդդիմության գլխին:
Միակ խնդիրն այն է, որ արտահերթի համար պետք է վարչապետը հրաժարական տա, երկու անգամ չընտրվի, և ԱԺ-ն լուծարվի: Նման փորձ Նիկոլ Փաշինյանն, իհարկե, ունի, բայց այս անգամ մտահոգություններ կան: Բանն այն է, որ, ամենայն հավանականությամբ, այդ դեպքում խորհրդարանական ընդդիմությունը թեկնածու կառաջադրի, և ներքին ու արտաքին ճնշումների արդյունքում գուցե մոտ 20 քպական լքի թիմը, և վարչապետ ընտրվի ընդդիմադիր թեկնածուն: Կան տեղեկություններ, որ մայիսի 9-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը նաև այս թեմայով է փորձելու հասկանալ ՌԴ մտադրությունները:
«Հրապարակը» գրում է․
Ապրիլի 22-23-ը տեղի կունենա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը, որին հրավիրված են 200-ից ավելի հյուրեր՝ պաշտոնյաներ, դեսպաններ, ՀԿ ներկայացուցիչներ: Հրավիրվածների թվում է նաեւ վարչապետի կինը` «Կրթվելը նորաձեւ է» արշավի հեղինակ Աննա Հակոբյանը, որի թիկնազորը մի քանի օր է՝ դեսանտ է իջել ԳԱԱ-ում, տարածքն են ուսումնասիրում, գրաքննում հյուրերի ցանկը, փորձում պարզել հրավիրվածների ինքնությունը, ոմանց մասնակցության վրա անգամ վետո են դնում:
Թե ովքեր են, ում չի ուզում տեսնել տիկինը, մեզ առայժմ չասացին։ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը մեզ հետ զրույցում հաստատեց Աննա Հակոբյանին հրավերը, ինչպես նաեւ, որ թիկնազորը եկել-պտտվել է, բայց ասաց, որ դեռ մասնակցությունը չեն հաստատել․ «Դեռ պարզ չի, ինձ իմ տեղակալն ասել է, որ ախրանայից եկել-նայել են, բայց բան չեն ասել․․․ ՀՀ նախագահը գալու է, ԱԺ փոխնախագահ Արշակյանը՝ նույնպես, բայց իր մասով բան չեն ասել (նկատի ունի Աննա Հակոբյանին)․․․ նախկինում էլ ենք հրավիրել` չի եկել, բայց այս անգամ ասացին, որ ախրանան եկել է, մնացածը` չգիտեմ»: Իսկ «ախրանան» եկել, ի՞նչ է արել։ «Ես չգիտեմ»: Դուք չե՞ք այդ կառույցի ղեկավարը։ «Եկել նայել են, հետաքրքրվել-բան ու գնացել, մեզ էլ բան չեն ասել` գալու հետ կապված, ասել են՝ կտեղեկացնենք»: Իսկ ինչո՞ւ եք Աննա Հակոբյանին հրավիրել, որպես երիտասարդ «գիտնակա՞ն»։ «Մենք բոլոր հիմնադրամներին, բարեգործական ընկերություններին ենք հրավիրում, «Իմ քայլ»-ին ենք հրավիրել»: Իսկ ո՞րն է այդ կառույցներին հրավիրելու իմաստը։ «Իսկ ինչո՞ւ չպետք է մասնակցեն»: Նկատի ունեմ՝ համագործակցո՞ւմ եք, թե՞․․․ «Նախկինում էլ ենք արել, բայց ի՞նչ կա դրա մեջ, Գրողների միությունն էլ է ՀԿ, բոլորին հրավիրում ենք»: Այսինքն՝ տարբերություն չկա՞ Գրողների միության եւ իշխանական «Իմ քայլի» միջեւ։ «Դուք արդեն քաղաքական հարցեր եք տալիս, ինտերվյու չեմ տալիս»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթին դժգոհություններ են հասել, որ Արցախից 2020 թ. բռնի տեղահանված՝ զոհվածների գրեթե 90 ընտանիքներ վերջին շաբաթներին առերեսվում են Կառավարության ու «ԱՄԻՕ» բանկի բարոյական ու ֆինանսական ահաբեկմանը:
Բանն այն է, որ Արցախի Հանրապետության Կառավարության 2022 թ. որոշմամբ՝ 2020 թվականին զոհված ունեցող բռնի տեղահանված ընտանիքներն իրավունք ունեին բնակարանային ծրագրից օգտվելու կա՛մ Արցախում, կա՛մ ՀՀ-ում:
Ավելի քան 200 ընտանիքներից գրեթե 90-ը ընտրել է ՀՀ տարբերակը, իսկ մի մասն էլ ընտրել էին Արցախը: ՀՀ տարբերակն ընտրած ընտանիքների, Արցախի Կառավարության ու «ԱՄԻՕ» բանկի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա բանկի կողմից ստացել են հիփոթեքային վարկ, որը պետք է մարեր Արցախի Կառավարությունը 20 տարվա ընթացքում:
Տեղեկացանք, որ ընտանիքները հիմնականում «Զինապահ» հիմնադրամից իրենց տրված գումարները դրել են այդ աջակցության վրա եւ բնակարաններ գնել ՀՀ տարբեր բնակավայրերում:
Բանկին ամենամսյա վճարումները կատարվել են Արցախի Կառավարության կողմից մինչեւ 2023 թ. դեկտեմբերը, որից հետո, բյուջե չունենալու պատճառով, նրանք չեն կարողացել վճարումներ կատարել: Դրանից հետո «ԱՄԻՕ» բանկը վարկային արձակուրդ է տվել շահառուներին՝ սպասելով ՀՀ Կառավարության որոշմանը, քանի որ Արցախի Կառավարությունից իրենց տեղեկացրել են, որ Արցախի պետական մարմինների բոլոր պարտավորությունները ցուցակագրվել են ու փոխանցվել ՀՀ Կառավարությանը:
Այս տարվա մարտին բանկը կապվել է շահառուների հետ եւ ծանուցել, որ ՀՀ Կառավարությունից այդպես էլ իրենց ոչինչ չեն ասել այդ պարտավորությունների մարման վերաբերյալ: Զոհվածների հարազատներին բանկից տեղեկացրել են, որ մայիսի 5-ից նրանք պետք է վճարումները կատարեն, հակառակ դեպքում ստիպված են լինելու դիմել համապատասխան միջոցների, ինչը նշանակում է, որ դատական կարգով են պահանջելու վճարումները եւ կարող են բնակարաններն էլ վերցնել շահառուներից:
Զոհվածների հարազատները մոտ մեկ ամիս առաջ կոլեկտիվ դիմում են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ հետո էլ հանդիպում են ունեցել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ: Ասում են՝ վերջինս բանավոր խոստացել է, որ խնդրին լուծում են տալու, եւ շահառուները ստիպված չեն լինելու որեւէ գումար վճարել բանկին: Մեր տեղեկություններով՝ այդ հարցի վերաբերյալ որոշ խորհրդակցություններ են եղել Կառավարությունում, բայց առ այսօր ոչ մի որոշում չի կայացվել: Ասում են՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ նույնիսկ Ազգային անվտանգության ծառայությունը հակված են, որ խնդրին պատշաճ լուծում տան, սակայն փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կտրուկ դեմ է արտահայտվում:
Իսկ թե ինչ է կարծում անձամբ Նիկոլ Փաշինյանը, որ հերթական անգամ ահաբեկում են զոհվածների հարազատներին, դժվար չէ կռահել, մանավանդ որ Տիգրան Խաչատրյանը չի կարող նման հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնել: Հիմա հարց է ծագում, թե ինչու են իշխանությունները ահաբեկում զոհվածների տեղահանված ընտանիքներին, երբ հարցը վերաբերում է ընդամենը մոտ 1.2 միլիարդ դրամի:
Ավելին, եթե այս ընտանիքները բնակարան չունենային, միեւնույն է՝ արցախցիների համար հաստատված բնակարանային ծրագրով նրանք պետք է Կառավարության կողմից գրեթե նույնչափ աջակցություն ստանային:
Այս ամենի համատեքստում ուշագրավ է նաեւ, որ ՀՀ Կառավարությունն ու բանկերը ստանձնել են Արցախի տարածքում վերցրած ու չմարված շուրջ 315 միլիարդ դրամի բանկային վարկերը՝ 70% եւ 30% հարաբերակցությամբ: Սակայն, արի ու տես, Կառավարության ու «ԱՄԻՕ» բանկի կոկորդին է կանգնել զոհվածների ընտանիքների բաժին, համեմատաբար խիստ փոքր պարտավորությունը, որն իրականում առաջնահերթ կերպով պետք է մարվեր նրանց կողմից:
Խիստ տարօրինակ է նաեւ «ԱՄԻՕ» բանկի մոտեցումը. բակը օրեր առաջ ՍՄՍ-ով կրկին ծանուցել է զոհվածների ընտանիքներին, որ մայիսի 5-ից պետք է վճարումները կատարեն: Պարզվում է, որ բանկը պահանջում է ամսական շուրջ 300,000 դրամ այն ընտանիքներից, որոնք հազիվ են հոգում իրենց առօրյա կարիքները «Զինապահի» տված գումարների միջոցով: Արդյոք այդ բանկի համար 1.2 միլիարդ դրամն այդքան մե՞ծ գումար է, որ չի զիջում այն կամ դրա մի մասը զոհվածների ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց ամենաթանկը՝ հանուն նույն բանկի եւ նրա տերերի անվտանգության ու հանգիստ կյանքի:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել «ԱՄԻՕ» բանկի հետ. բանկից, երկար մտածելուց հետո, հայտարարեցին, թե գրավոր հարցում ուղարկենք: Փորձեցինք զրուցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի պատասխանատուների հետ, սակայն ապարդյուն` գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, խորհրդական Աննա Գասպարյանը, օգնական Անի Ավետյանը իրենց աշխատանքային հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին»։