Արցախը շրջափակման մեջ է, իսկ իշխանությունը ներքաղաքական խնդիրներով է տարված

Արցախը շրջափակման մեջ է, իսկ իշխանությունը ներքաղաքական խնդիրներով է տարված

Արցախում համատարած հիասթափություն է, և ամենից մեծ խնդիրն այն է, որ վստահություն չկա, համախմբող չկա։ MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Առաջ Արցախ» ՀԿ ղեկավար Արթուր Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ արցախցին այս պահին անորոշ վիճակում է, ուզում է այս վիճակից դուրս գալ, բայց չգիտի՝ ինչպես․ իշխանությունն այդ մասով չեղածի հաշիվ է, ավելի «կարևոր»՝ ներքաղաքական խնդիրները լուծելով է տարված։

«Բոլորս էլ հասկանում ենք, որ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկվեն, բայց իշխանությունների կողմից համախմբելու կամք չկա, հակառակը՝ պառակտումների նոր ալիք է։ Այս դժվար վիճակում, երբ համատարած հիասթափություն է, իշխանությունը պետք է գործող մեխանիզմներ կիրառի, մարդկանց պետք է հստակ ներկայացնի՝ ինչ ունենք և որոնք են ելքերը։ Այս պահին մենք նույն իննսունականների վիճակում ենք, ուղղակի այն ժամանակ զրոյից էինք սկսել, հիմա՝ երեսուն տարվա պետություն լինելով»,- նշեց մեր զրուցակիցը։

Արթուր Հայրապետյանը տեղեկացրեց, որ իրենք՝ մի քանի ՀԿ-ներ և շահագրգիռ անհատներ, դեռ դեկտեմբերի վերջին դիմել են Արցախի ներկա ու նախկին նախագահներին և պետնախարարին, խնդրել, որ շտապ հավաք կազմակերպվի, սակայն որևէ արձագանք չի եղել։

«Մենք ուզում ենք հասկանալ՝ յուրաքանչյուրիցս ինչ է կախված։ Ուզում ենք միասնական պայքար լինի, որ իրենք էլ մեզ հետ կանգնեն։ Բայց այս վիճակում իրենք ներքաղաքական խնդիրները լուծելով են տարված, էլ ո՞ւմ դիմենք, ո՞ւմ վստահենք»,- նշեց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Արցախը շրջափակման մեջ է, բայց անգամ այս դեպքում ռիսկային հայտարարություններ են տարածվում առաջին դեմքերի մակարդակով։ Օրինակ՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերջին հայտարարությունը, թե արցախցիներն այս ընթացքում անգամ հանգստի են մեկնել, ու դա արվում է այն դեպքում, երբ Արցախը հումանիտար ճգնաժամի մեջ է, Կարմիր Խաչի միջոցով են ծայրահեղ ծանր հիվանդներին դեղ հասցնում։

«Երբ առաջին անգամ փակել էին ճանապարհը, Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, թե առանց ոչ մի զիջումների, միասնաբար հաղթանակ տարավ Արցախը, դե այդ հաղթանակի լիդերն էլ ինքն էր։ Ինքը դրանով կրակի վրա յուղ լցրեց, բայց իր այդ քայլը որպես միամտություն որակվեց։ Դե այդ միամտությամբ ինքն իր PR-ն է անում, բայց ախր պատասխանը ժողովուրդն է տալու, չէ՞»,- նկատեց Հայրապետյանը։

Դիտարկմանը, որ այս դեպքում կարծիք է ստեղծվում, թե արցախցին համակերպվել է այս վիճակին, Արթուր Հայրապետյանը պատասխանեց՝ արցախցին չէ, այլ՝ Արցախի իշխանությունը, որ հասկանալի չէ՝ ում շահերն է ներկայացնում։ Այնունամենայնիվ, մեր զրուցակիցը շեշտեց՝ արցախցին պայքարող տեսակ է, և այս փորձությունն էլ հաղթահարելու է։

 

Նարե Գնունի