Այն բանից հետո, երբ Նիդեռլանդները սատարել է Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերին, Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը չեղարկել է հաջորդ շաբաթ Նիդեռլանդների ԱԳՆ այցը Իսրայել, հայտնել են ԶԼՄ-ները։
Գիդեոն Սաարը խոսել է Կասպար Վելկամպի հետ, և երկուսն էլ համաձայն են, որ այցը չի կայանա, հայտնել է ԱԳՆ ղեկավարի գրասենյակը:
Սաարը նաև իր հիասթափությունն է հայտնել Վելկամպի մեկնաբանությունների կապակցությամբ ու ներկայացրել է Իսրայելի դիրքորոշումը։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և երկրի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդեր է տվել։ Նրանք մեղադրվում են Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։
Ըստ նախաքննական պալատի՝ ողջամիտ հիմքեր կան ենթադրելու, որ Նեթանյահուն ու Գալանտը միտումնավոր և գիտակցաբար զրկել են Գազայի խաղաղ բնակչությանը գոյատևման համար անհրաժեշտ պարագաներից, ներառյալ սնունդը, ջուրը, դեղորայքն ու բժշկական պարագաները, այդ թվում՝ վառելիք և էլեկտրաէներգիա։