Շահրամանյանը հանդիպում է տարբեր դիվանագետների հետ, «ՀայՓոստ»-ը դարձել է ՔՊ-ականների հանգրվանը. Մամուլը՝ սուրճով

Շահրամանյանը հանդիպում է տարբեր դիվանագետների հետ, «ՀայՓոստ»-ը դարձել է ՔՊ-ականների հանգրվանը. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նախագահ Սամվել Շահրամանյանը վերջին ամիսներին ոչ միայն ակտիվ քաղաքական հանդիպումներ է ունենում հայաստանյան տարբեր ուժերի, անհատների հետ, այլեւ ակտիվ շփումներ կան Հայաստանում ներկայացված տարբեր երկրների դիվանագետների հետ։ 

Շահրամանյանը մի քանի դեսպանի հետ է վերջերս հանդիպել, այդ թվում՝ Հայաստանում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դեսպանների։ Իսկ քննարկման օրակարգի գլխավոր հարցը, ըստ մեր աղբյուրների, արցախցիների՝ Արցախ վերադարձի խնդիրն է։

Չնայած գրեթե բոլոր դիվանագետները խոսքային մակարդակում դա համարում են այսօրվա թիվ մեկ խնդիրը, սակայն երբ հարցը հասնում է միջազգային երաշխիքներին, որոնք պետք է տրամադրվեն, որպեսզի արցախցիների անվտանգությունն իրենց հայրենիքում ապահովվի, ոչ ոք նման երաշխիքներ չի տալիս»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վիլնյուս նախապես պլանավորված այցը չեղարկվել է. Լիտվայի ԱԺ նախագահը ժամանակ չունի Ալեն Սիմոնյանին ընդունելու: Այսպիսով, Հայաստանի Հանրապետության ԱԺ կայքից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ալեն Սիմոնյանը բավական մեծ շքախմբով մարտի 3-ից 6-ը պաշտոնական այցով մեկնել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս, այնուհետեւ՝ 7-ից 8-ը, մեկնելու է Տալլին։ Պատվիրակության կազմում էին Արսեն Թորոսյանը, Արման Եղոյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ ԱԺ մի խումբ աշխատակիցներ, սակայն ոչ մի ընդդիմադիր պատգամավոր:

Մարտի 3-ից անցել է արդեն 4 օր, սակայն ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը լռում է Վիլնյուսի պաշտոնական այցի լուրի մասին։ Ավելին՝ ՀՀ ԱԺ նախագահը երեկ ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել Տալլինից, ինչը ուղիղ փաստում է, որ ԱԺ նախագահի պատվիրակությունը միանգամից մեկնել է Տալլին: Այն, որ Ալեն Սիմոնյանը Վիլնյուս չի մեկնել, վկայում է նաեւ նրա կողմից ստորագրված հաջորդ կարգադրությունը, որով ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները մարտի 5-ից 7-ը դրվում է Հակոբ Արշակյանի վրա։ Ավելի ուշ ԱԺ-ն հավելումներ է արել ԱԺ նախագահի գործուղման մասին համապատասխան կարգադրության մեջ՝ հավելվածի վերջում ավելացնելով, որ կարգադրության տեքստից հանում է Վիլնյուս բառը, բայց ծախսերի վերադարձի մասին ոչինչ չկար փաստաթղթերում:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզաբանումների համար զանգահարեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակին, սակայն հեռախոսազանգին պատասխանեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անձամբ: ԱԺ նախագահը հաստատեց, որ Վիլնյուս այցը չի կայացել, հետաձգվել է:

«Երկկողմ համաձայնությամբ է այցը չեղարկվել: Իրենք ընտրությունների են պատրաստվում, նախընտրական թոհուբոհի օրերի հետ կապված՝ անհամաձայնություն կար, ես էլ վատառողջ էի, չէի կարող գնալ»,- պարզաբանեց Ալեն Սիմոնյանը: Հարցին՝ եթե այցը հետաձգվել է, կա՞ արդյոք պայմանավորվածություն, թե որքան ժամանակ է այն հետաձգվել, երբ այն պետք է կայանա: «Ապրիլի 2-րդ կեսին համաձայնություն կա, երեւի 19-ի կողմերը, որ հետաձգված հանդիպումը տեղի կունենա. դեռ չենք հաստատել, քննարկում ենք սա»,-մանրամասնեց ԱԺ նախագահը:

Այսպիսով, արձանագրենք, որ Ալեն Սիմոնյանի համար իր պաշտոնակիցը՝ Լիտվայի Սեյմի խոսնակ Վիկտորիա Խմելիտե Նիելսենը, ժամանակ չունի: Հետաքրքիր է՝ ԱԺ նախագահի այցը կազմակերպողները չգիտեին արդյոք, որ Լիտվայում ընտրություններ են սպասվում այցի օրերին»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ ՊՊԾ պետի տեղակալ Արթուր Գասպարյանը նշանակվեց ՊՊԾ պետ՝ փոխարինելով Սարգիս Հովհաննիսյանին, ում կարիերայի վրա քար գցեց 2023 թ․ սեպտեմբերի 9-ին «Դվին» հյուրանոցում կազմակերպված հրավառությունը, որն այնքան էր վախեցրել կառավարական տանն ապրող Նիկոլ Փաշինյանին, որ նույն օրը ՊՊԾ պետն ազատվեց պաշտոնից։ Արթուր Գասպարյանը 2018-ից հետո իրականացրել է Աննա Հակոբյանի պաշտպանությունը եւ այդ ժամանակ շահել իշխող զույգի վստահությունը։

Երեկ ՊՊԾ նորանշանակ պետին ներկայացնելով անձնակազմին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Նախորդ տարին ծառայության համար շրջադարձային էր այն առումով, որ ծառայությունն իր զարգացման նոր փուլ է մտել՝ Ազգային անվտանգության ծառայությանը ենթակա մարմնից ստանալով վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը սկսել է չարաշահել խնամի-ծանոթ-բարեկամ թեորեմը եւ սեփական բարեկամներին աշխատանքի տեղավորելուց հետո անցել է հեղափոխության ընթացքում ակտիվություն ցուցաբերած «հպարտ քաղաքացիներին»։ Եթե Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ՔՊ-ական փոխթաղապետ Սերոբ Սարգսյանը 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի վիրակապին չհետեւեր, ապա դեռ կշարունակեր առ այսօր աշխատել Vivaro բուքմեյքերական գրասենյակում։ Վերջինս կրկնում է դասական ՔՊ-ականների գերակշիռ մեծամասնության հետհեղափոխական կյանքի ուղին, ինչպես Հայկ Կոնջորյանի կնոջ դեպքում է։

Կոնջորյանը կնոջը տեղավորել էր «ՀայՓոստ»-ում, ապա աստիճանաբար սկսել էր նրա հաստիքը բարձրանալ, դրան զուգահեռ, կրկնապատկվում էր կնոջ տարեկան ֆինանսական եկամուտը։ Սերոբյանի դեպքում կարիերայի աճը գրանցվել է այլ կերպ։ Նա նախ Արաբկիրի թաղապետարանում տեղավորեց կնոջը, ապա ինքը սկսեց «շրջագայել» պետական աշխատավայրերում` Աջափնյակի թաղապետարան, «ՉՀԳ» ՓԲԸ, Շրջակա միջավայրի նախարարություն, կրկին Աջափնյակի թաղապետարան, այժմ էլ՝ «ՀայՓոստ» ՓԲԸ, որը թեեւ ամեն ամիս որպես անպարտաճանաչ հարկատու ՊԵԿ-ի կողմից տուգանվում է ՀԴՄ խախտման համար, սակայն պարտաճանաչ վճարում է ՔՊ-ականների եւ նրանց կանանց աստղաբաշխական աշխատավարձերը։ 

Հավելենք նաեւ, որ սա այն նույն փոխթաղապետն է, որը 2022 թվականի ապրիլի 30-ին Երեւանի Նալբանդյան փողոցում Ցորի զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներին անվանել էր «փնթիներ»»: