Ուկրաինական ճգնաժամի վերջնական արդյունքը կլինի սառեցված հակամարտություն. Ջոն Միրշայմեր

Ուկրաինական ճգնաժամի վերջնական արդյունքը կլինի սառեցված հակամարտություն. Ջոն Միրշայմեր

Global Times-ին տված իր հարցազրույցներից մեկում  ամերիկացի քաղաքագետ Ջոն Միրշայմերը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կդադարի ոչ ուշ , քան 2025թ․-ը։ Այնուամենայնիվ, Արևմուտքը կշարունակի սադրել Ռուսաստանին՝ ջանալով  ապակայունացնել իրավիճակը նոր տարածաշրջաններում։ 

Փետրվարի 24-ը Ուկրաինայի հակամարտության տարելիցին է, որն  ինչպես հայտնի է ձգձգվում է երկու տարի և այդպես էլ վերջինիս ավարտը չի նշմարվում։  Ինչու՞ հակամարտությունը ի վերջո չի հանգուցալուծվում: Արդյո՞ք «Մոսկվայի նկատմամբ հաղթանակի» մասին արևմտյան մտածողությունը զարգացել է ռազմական գործողությունների ընթացքում։ Ինչպե՞ս է ճգնաժամն ազդում համաշխարհային աշխարհաքաղաքական սցենարների վրա։ Քանի որ մոտենում է հակամարտության երկրորդ տարելիցը, Global Times-ը ամփոփում է ամերիկացիների և եվրոպացիների տեսակետները: Իր տված երրորդ հարցազրույցում քաղաքագետ և Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ջոն Միրշայմերը բացատրել է, թե ինչու է երկար ժամանակ կարծում, որ Արևմուտքն է մեղավոր ուկրաինական հակամարտության և ամերիկյան քաղաքականության ձախողման համար:

- Նախորդ հարցազրույցում Դուք նշել էիք, որ ուկրաինական հակամարտությունը երկարաժամկետ սպառնալիք է լինելու: Այն  ձգձգվում է  արդեն երեք տարի: Որքա՞ն կտևեն ռազմական գործողությունները. Ի՞նչ հանգամանքներում դրանք կավարտվեն։
- Իմ կարծիքով` իրական ռազմական գործողությունները կավարտվեն ոչ ուշ, քան 2025 թ.-ը։ Ռուսները կվերցնեն ավելի շատ տարածքներ, քան ներկայումս վերահսկում են, և կլինի զինադադար։ Վերջնական արդյունքը կլինի սառեցված հակամարտությունը, բայց առանց իրական խաղաղության համաձայնագրի կնքման: Հետևաբար, հակամարտության վերսկսման վտանգը ամեն վայրկյան կարող է վերստին թեժանալ։ Արևմուտքը այդ թվում նաև ԱՄՆ-ն չի ընդունի այն վերջնական համաձայնագիրը, ըստ որի Ռուսաստանը կստանա ուկրաինական տարածքների զգալի մասը։ Այսպիսով, նույնիսկ սառեցված հակամարտության պայմաններում, Վաշինգտոնը, Բրյուսելը և Կիևը մեծ ջանքեր կգործադրեն՝ հանգիստ խաթարելու Մոսկվայի դիրքերը այն շրջաններում, որոնք վերջինս իր վերահսկողության տակ է վերցրել: Միաժամանակ, ռուսները կգործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի ուկրաինական «կոճղ- պետությունը” (բնօրինակում, “կոճղ-պետություն”-ը տերմին է, որը նշանակում է մի պետություն, որի տարածքը կտրուկ կրճատվել է) լինի թույլ և անգործունակ տնտեսական և քաղաքական առումներով։ Արդյունքը կլինի հակամարտություն, որը կդառնա ոչ թե “թեժ պատերազմ”, այլ մրցակցություն անվտանգության ոլորտում՝ մի կողմից Ռուսաստանի, իսկ մյուս կողմից՝ Ուկրաինայի և նրա դաշնակիցների հետ: Այս սպունգը դեռ երկար ջուր կկլանի։ Սա շատ անհանգստացնող իրավիճակ է դառնալու, քանի որ այս հակամարտության վերջն իսկապես չի երևում։ Սուր, խորը թշնամանքը դեռ երկար կպահպանվի։ Չեմ կարծում, որ Մոսկվայի հարաբերություններն Արևմուտքի կամ Կիևի հետ մոտ ապագայում կբարելավվեն։
 

- 2014 թվականին դուք հայտնի զգուշացում արեցիք, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայում սադրում է Ռուսաստանին և ամեն ինչ հանգեցնելու է զինված հակամարտությանը, և զգուշացնում էիք մոտալուտ անախորժությունների մասին։ Ինչո՞ւ են անտեսվել Ձեր և Ձեզ  նման քաղաքագետների նախազգուշացումները։
- Երբ 1990-ականներին ՆԱՏՕ-ն որոշեց ընդլայնվել, մեծ ճակատամարտ սկսվեց Միացյալ Նահանգների ներսում: Դաշինքի ընդլայնման հակառակորդները, ըստ էության, պարզապես  ռեալիստները, ասում էին, որ դեպի արևելք շարժվելը կհանգեցնի Մոսկվայի հետ առճակատման և ինչ-որ պահի կավարտվի լուրջ հակամարտությամբ: Նրանց դեմ էր արտաքին քաղաքականության լիբերալների ազդեցիկ խումբը, որը կարծում էր, որ Միացյալ Նահանգները անվնաս հեգեմոն է, որն ունակ է առանց հետագա խնդիրների ՆԱՏՕ-ին ավելի մոտեցնել Ռուսաստանին: 1990-ականներին Ռուսաստանը շատ թույլ էր և չկարողացավ կասեցնել դաշինքի ընդլայնումը։ Այսպիսով,  հաղթեցին ՆԱՏՕ-ի ընդլայնման կողմնակիցները: Դաշինքի առաջին ընդլայնումը տեղի ունեցավ 1999 թվականին, երկրորդը՝ 2004 թվականին։ Կարևոր է նշել, որ  2008 թվականի ապրիլին ՆԱՏՕ-ն, ամերիկացիների հորդորով հայտարարեց, որ Ուկրաինան կընդգրկվի կազմակերպության շարքերում։ Այն ժամանակ ռուսները հասկացրեցին, որ ՆԱՏՕ-ում Կիևը էկզիստենցիալ վտանգ է ներկայացնելու Մոսկվայի համար, և իրենք թույլ չեն տա, որ դա տեղի ունենա: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը և նրա եվրոպացի դաշնակիցները շարունակեցին շարժվել դեպի արևելք և փորձեցին Ուկրաինան մտցնել ՆԱՏՕ-ի կազմ: 2014 թվականի փետրվարին լուրջ ճգնաժամ սկսվեց։ Հենց այդ ժամանակ ես հոդված գրեցի «Foreign Affairs» ամսագրում, որտեղ նշեցի, որ Արևմուտքն է մեծ մասամբ պատասխանատու  կատարվածի համար։Ես ասացի, որ ճգնաժամի հիմնական պատճառը Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումն է և, առհասարակ, ԱՄՆ-ի և Եվրոպայի ջանքերն են, որոնք ուղղված են  Ուկրաինան սեփական հենակետ դարձնել Ռուսաստանի հետ սահմաններին։ Այն ժամանակ ես դա անվանեցի «կատարյալ հիմարություն», քանի որ Մոսկվան նման գործողությունները ակնհայտորեն դիտարկում էր որպես իր գոյության սպառնալիք: Եթե մենք շարունակենք մղել Կիևին դեպի ՆԱՏՕ, մեզ ավելի մեծ դժվարություններ կսպասեն, գրել եմ ես։ Ամեն դեպքում, երբ ճգնաժամը սկսվեց 2014-ի փետրվարին, ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները կրկնապատկեցին իրենց ջանքերը, որպեսզի Ուկրաինան միանա դաշինքին: Ամեն անգամ, երբ Ռուսաստանը փորձում էր բանակցային համաձայնագիր մշակել՝ հակամարտությունից խուսափելու համար, ամերիկացիներն ու նրանց դաշնակիցները հրաժարվում էին երկխոսությունից: Նրանք ասում էին  ռուսներին, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի մաս, ընդունեք այն։ Բայց նրանք չհամակերպվեցին այս արդյունքի հետ։ Իսկ 2022 թվականի փետրվարին՝ 2014 թվականի փետրվարին հակամարտությունից ութ տարի անց, Մոսկվան զորքեր մտցրեց Ուկրաինա: Նա վճռական էր տրամադրված և թույլ չէր տալու հարևան երկրին դառնալ դաշինքի անդամ:

-Դուք հրատարակել եք նոր գիրք՝ «Ինչպես են մտածում պետությունները. արտաքին քաղաքականության ռացիոնալությունը»՝ Սեբաստիան Ռոզատոյի հետ համահեղինակությամբ։ Դրանում դուք պնդում եք, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը տրամաբանական էր: Այդպիսին է եղել Պուտինի կոշտ հակազդեցությունը դրան. Ինչպե՞ս պետք է հասկանանք այն որոշումները, որոնք հանգեցրել են այս հակամարտությանը։
- Ակնհայտ է, որ Արևմուտքում Կարլսոնի և Պուտինի զրույցը որևէ փաստացի ազդեցություն չի ունենա։ Իսկապես ապշեցուցիչն այն է, թե ինչպես  են արևմտյան վերնախավերի բոլոր շրջանակներից բացառապես բացասաբար մեկնաբանել հարցազրույցը և անձամբ Պուտինին: Նայեք ԱՄՆ-ի և ԵՄ-ի արձագանքին. նրանք ոչ մի կերպ շահագրգռված չէին Պուտինի որևէ հայտարարությանը դրական արձագանք տալով։ Ինձ թվում է, որ այս խոսակցությունը ոչ մի կերպ չի ազդի ուկրաինական հակամարտության ընթացքի վրա։

- Դուք հակամարտության հենց սկզբից շարունակել եք հավատալ Արևմուտքի մեղավորությանն ու ամերիկյան քաղաքականության ձախողմանը։ Ոմանք կարծում են, որ դուք սխալ եք հասկանում ռուսական կողմին։ Ինչպե՞ս կարձագանքեք նման քննադատությանը:
- Արևմուտքում ընդհանուր առմամբ ընդունում են, որ Պուտինը սկսեց ռազմական գործողություններ, քանի որ նա իրականում իմպերիալիստ է կամ էքսպանսիոնիստ էր: Մասնավորապես, պնդում են, որ նա ձգտում է ստեղծել մեծ Ռուսաստան, ինչի վկայությունը ամբողջ Ուկրաինան իր վերահսկողության տակ առնելու նրա վճռականությունն է։ Այնուհետև նա գործի կդնի Արևելյան Եվրոպայի երկրների նկատմամբ իր նվաճողական քաղաքականությունը  և կստեղծի նոր Ռուսական կայսրություն:Իմ փաստարկն այն է, որ այս պնդումը ճիշտ չէ։ 
Երբ Պուտինը զորքեր ուղարկեց Ուկրաինա, նա այս կերպ կանխիչ քայլ կատարեց: Նրան ոչ մի կայսերական նկրտումներ էլ  չէին առաջնորդում։ Նա նվիրված չէր մեծ Ռուսաստանի ստեղծման գաղափարին։ Նրա որոշման պատճառն այն էր, որ վերջինս ՆԱՏՕ-ի մուտքն Ուկրաինա դիտում էր որպես էքզիստենցիալ սպառնալիք Ռուսաստանի համար և բնականաբար կանխելու էր այն: Այսպիսով, իմ տեսակետն ուղղակիորեն հակասում է Արևմուտքի ընդհանուր ընդունված կարծիքին: Դուք հարցրիք, թե ինչպե՞ս կապացուցեմ, որ ես ճիշտ եմ, իսկ հակառակորդներս՝ սխալ։ Պատասխանը պարզ է․ ըստ տարածված կարծիքի, թե Պուտինը ցանկանում էր հիմնել մեծ Ռուսաստան, կան զրո փաստարկներ։ Ոչ մի ապացույց չկա, որ Պուտինը ցանկանում է հիմնել մեծ Ռուսաստան, որ նա ձգտում է նվաճել ողջ Ուկրաինան և, իհարկե, ծրագրել է նվաճել այլ պետություններ։ Մյուս կողմից, մենք ունենք ավելի քան բավարար փաստարկներ, որոնք ցույց են տալիս, որ Պուտինի որոշման վրա ազդել է մի կողմից ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Կիև, մյուս կողմից էլ Արևմուտքի ջանքերը՝ Ուկրաինան Ռուսաստանի հետ սահմանին արևմտյան հենակետ դարձնելը։ Պուտինը բազմիցս ասել է, որ դա անընդունելի է։ Իմ կարծիքով, առկա բոլոր ապացույցները ցույց են տալիս, որ ես ճիշտ եմ, իսկ Արևմուտքի ընդհանուր ընդունված կարծիքը՝ սխալ է։

- «Ռուսաստանը մնաց անպարտելի, ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից նրա նկատմամբ կիրառված պատժամիջոցներն անարդյունավետ էին։ Այսպես ասած «Մոսկվայի նկատմամբ հաղթանակի» Արևմուտքի մտածողությունը որևէ կերպ փոխվե՞լ է։
- Բոլորը հասկանում են, որ տնտեսական պատժամիջոցները ձախողվել են։ Սա բավականին ուշագրավ է։ Ամերիկացիները վստահ էին, որ հակամարտությունը սկսվելուն պես Մոսկվայի դեմ կիրառվող սահմանափակումները, որոնք զուգորդվում էին ուկրաինական զինված ուժերի վաղ փուլում ունեցած ռազմական հաջողություններով, թույլ կտան Ուկրաինային գերակայել Ռուսաստանի նկատմամբ։ 
Պատժամիջոցները դիտվում էին որպես զենք, որը կբերի հաղթանակ: Բայց նրանք գրեթե ամբողջությամբ ձախողվեցին։ Ռուսաստանի տնտեսությունը լավ վիճակում է. Եթե որևէ մեկը տուժել է սահմանափակումներից, ապա դա միայն  Եվրոպան է։ Հակառուսական պատժամիջոցները արդյունք չտվեցին։
Այժմ հարցն այն է, թե ինչպես է Վաշինգտոնն արձագանքում Մոսկվային ջախջախելու իր ծրագրի ձախողմանը: Արդյո՞ք ամերիկացիներն ընդունում են իրականությունը և դրդում Ուկրաինային բանակցություններ վարել Ռուսաստանի հետ։ Պատասխանը՝ ոչ։ Ինձ թվում է, որ տեսանելի ապագայում ԱՄՆ-ը ցանկանում է շարունակել հակամարտությունը՝ հուսալով, որ Ուկրաինան ինչ-որ կերպ՝ Արևմուտքի օգնությամբ, կկարողանա շրջել մարտադաշտում ալիքը և հետ վերցնել կորցրած հողերը։ Բայց դա տեղի չի ունենա: Իրականում այսպես մտածել նշանակում է տրվել պատրանքներին։ Ուկրաինացիների համար շատ ավելի խելամիտ է փորձել թշնամու հետ բանակցելու ուղիներ մշակել: Սակայն դա տեղի չի ունենա, քանի որ Արևմուտքը չի պատրաստվում նահանջել, ինչպես և ուկրաինացիները, համենայն դեպս առայժմ:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Չինաստանի նկատմամբ ամերիկյան ներկայիս քաղաքականությունը:
- Շատ կարևոր է ընդգծել, որ ներգրավվածության քաղաքականությունը, որը ԱՄՆ-ը վարում էր Չինաստանի նկատմամբ մոտավորապես 1990-2017 թվականներին, մեռած է։ Մենք չենք անդրադառնա սրան: ԱՄՆ-ն այժմ որդեգրել է զսպման կուրս. Նրանք որոշել են զսպել Երկնային կայսրության վերելքը, և դա չի փոխվի: Ամեն բան վկայում է, որ երկրների միջև   համագործակցության համար դեռ հեռանկարներ կլինեն։ Չինաստանն ու ԱՄՆ-ը բազմաթիվ շահեր ունեն, ուստի որոշ ոլորտներում նրանք կհամագործակցեն։ Օրինակ, ես հավատում եմ, որ նրանք ակտիվ առևտուր կանեն, թեև դա դժվար թե ազդի բարձր տեխնոլոգիաների վրա։ Միացյալ Նահանգները մեծ ջանքեր կգործադրի՝ դանդաղեցնելու առաջադեմ տեխնոլոգիաների զարգացումը Միջին Թագավորությունում, բայց ի  հակառակ դրան նրանք կփոխանակեն, օրինակ, սննդամթերք, տեքստիլ, արդյունաբերական ապրանքներ և այլն։ Նրանք կհամագործակցեն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միջուկային զենքի տարածումը (ամենայն հավանականությամբ, հեղինակը նկատի ունի միջուկային զենքի չտարածումը)։ Պեկինի և Վաշինգտոնի միջև  հարաբերություններն ապագայում մրցունակ կլինեն։ Բայց պետք է հասկանալ, որ 
ցանկացած համագործակցություն արտացոլվելու  է անվտանգության ոլորտում բուռն մրցակցության ստվերով։ Հենց վերջինս է գերիշխելու ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններում, քանի որ սրանք մոլորակի երկու ամենահզոր տերություններն են։ Երկու երկրներն էլ կպայքարեն գերիշխանության համար և մեծապես անհանգստանալու են իրենց միջև ուժերի հավասարակշռության համար: Կարելի է հուսալ, որ երկու պետություններն էլ մեծ ջանքեր կգործադրեն մրցակցությունը գրագետ կառավարելու համար, որպեսզի ամեն ինչ չվերջանա կրակոցներով ու պատերազմով։ Դա աղետ կլինի։ Այնուամենայնիվ, նրանց միջև հակամարտությունից խուսափելը նույնքան դժվար կլինի, որքան սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի և Խորհրդային Միության միջև բախումներից խուսափելը: Բարեբախտաբար, 1947թ․-ից 1989 թթ․ Մոսկվան և Վաշինգտոնը ակտիվորեն մրցակցում էին անվտանգության ոլորտում այնպես, որ կանխվեցին երկու գերտերությունների ուժերի միջև փաստացի զինված մարտերը: Մենք ապրում ենք բուռն ժամանակներում, և մեր առջև ծառացած սպառնալիքները դեպի լավը չեն փոխվի։ Ավելի շուտ, ամեն ինչ միայն կվատանա։ Դոնալդ Թրամփը  2017 թվականին վերջ դրեց ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերություններին և որդեգրեց զսպման քաղաքականություն: 2020 թվականի ընտրություններից հետո, Թրամփին հաղթելուց և նախագահ դառնալուց հետո, Բայդենը ոչ մի կերպ չվերադարձավ փոխազդեցության ճանապարհներ փնտրելուն։ Փոխարենը, նա գնաց պետության նախկին ղեկավարի հետքերով և նույնիսկ կրկնապատկեց զսպման քաղաքականությունը: Այսպիսով, հարցը, թե ով է ղեկավարելու Սպիտակ տունը 2025 թվականին, մեծ նշանակություն չի ունենա ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների համար։

Թարգմանությունը՝ Ալբինա Սեթյանի