ԼՂՀ պատմության էջը փակվեց

ԼՂՀ պատմության էջը փակվեց

Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել, որով մինչև 2024թ. հունվարի 1-ից ԼՂՀ-ն լուծարվում է:

Սա հայոց պատմության սև էջերից մեկն է, բայց տրամաբանական վերջաբանն այն կործանարար գործընթացի, որը հետևանք էր 44-օրյա պատերազմի պարտության:
Նիկոլ Փաշինյանը կարող էր կանխել պատերազմը՝ մինչև 44-օրյա պատերազմը, եթե գնար խնդրի կարգավորման: Չարեց, իր իսկ խոստովանությամբ, որպեսզի դավաճան չանվանվի:

Պատերազմում պարտվելուց հետո կարող էր և պետք է հեռանար, բայց կառչած մնաց աթոռից, որովհետև ուներ «առաքելություն», որն, ինչպես պարզվեց, ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցումն ու Պրահայի հայտարարության ստորագրումն էր:

Պրահայի քառակողմ հայտարարությունը 44-օրյա պատերազմի և 2022-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքն էր, բայց մյուս կողմից՝ Փաշինյանի մոլորության, որը կարծում էր՝ «փուռը տալով» Արցախը, կարող էր փրկել Հայաստանը, նրա տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը:
Արցախը կործանված է, բայց Հայաստանի անվտանգային մարտահրավերները պահպանվում են: Բաքուն և Անկարան բացահայտորեն գեներացնում են հիմա էլ, այսպես ասած, Զանգեզուրի միջանցքի թեման:

Միջազգային դերակատարները լռելյայն հետևում են ադրբեջանական ագրեսիային՝ պոստֆակտում հայտարարություններով շոյելով մեր ականջները, Հայաստանը դարձնելով իրենց աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետ...

Վահրամ Բագրատյան