Բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցում մեր ու կառավարության պատկերացումները տարբեր են

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը երեկ ընդունել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներ՝ Ապրես Մարգարյանին, Նժդեհ Իսկանդարյանին և Մարիամ Աբրահամյանին։ Վերջիններս ներկայացրել են իրենց տեսակետները՝ սոցիալական ապահովության ծրագրերից մինչև իրավունքների պաշտպանություն, որը ոտնահարվում է ամեն քայլափոխի։ Սակայն, Խաչատրյանի հետ հանդիպման արդյունքներից գոհ չեն։
«Մեր ներկայացրած 12 պահանջներից միայն մեկի՝ բնակապահովման ծրագրի մասով վստահեցրել են, որ կվերանայվեն, մյուս բոլոր կետերը չեն վերանայվի։ Խաչատրյանի հետ առողջ միջավայրում ենք ծավալել մեր երկխոսությունը, իհարկե նաև դժգոհություն ենք հայտնել։ Հասկացել եմ մի բան, որ բռնի տեղահանվածների հարցում մեր ու կառավարության պատկերացումները տարբեր են։ Մեր ներկայացրած պահանջները չվերանայելը, նպատակ ունի ուղղակիորեն մարել հանրահավաքները, որը դեռ նոր է սկիզբ առնում»,- MediaHub-ին ասաց Նժդեհ Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ խորհուրդը հետ չի կանգնելու և իրենց խնդիրների հետ միայնակ չեն թողնելու արցախցիներին, որոնց հետ զրույցներից պարզվել է, որ չեն ուզում արտագաղթել։ Սակայն, 40+10 սոցիալական վճարները դադարեցնելուց հետո՝ շատերը գուցե կհայտնվեն դրսում, քանի որ Հայաստանում բնակվարձերը հասնում են աստղաբաշխական գումարների, շատերն այդպես էլ աշխատանք չեն կարողանում գտնել։
«Մենք տեղյակ ենք պահել պարոն Խաչատրյանին, որ մեր գործողությունները շարունակելու ենք ավելի առարկայական և կոնկրետ գործողություններով։ Չեմ կարող ասել թե ի՞նչ գործողություններ ենք անելու, բայց մեր հանրահավաքներն ու խաղաղ ակցիաները կշարունակենք, առանց բախման տանելու հանրությանը։ Կշարունակենք այնքան, մինչև մեր իրավունքների պաշտպանության մասով դրական քայլեր կձեռնարկվեն»,- հավելեց Իսկանդարյանը։
Հունան Թադևոսյան