Վիետնամցիներին տարել էիք Ծիծեռնակաբերդ, որ ի՞նչ անեիք, ցույց տայիք, որ հիշում եք ու պահանջո՞ւմ

Վիետնամցիներին տարել էիք Ծիծեռնակաբերդ, որ ի՞նչ անեիք, ցույց տայիք, որ հիշում եք ու պահանջո՞ւմ

ԱԺ կայքում հաղորդագրություն ենք կարդում, որ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի Վիետնամ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լե Թու Հան եւ Վիետնամի խորհրդարանական պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանի, խմբի անդամներ Արուսյակ Մանավազյանի եւ Գեղամ Նազարյանի ուղեկցությամբ ապրիլի 3-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հյուրերը ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը, նաև եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին:

Այս այցը, հավանաբար, կա՛մ Նիկոլ Փաշինյանից թաքուն է եղել, կա՛մ նրանք չեն գիտակցել՝ ուր են տանում Հայաստան ժամանած բարձրաստիճան վիետնամցիներին։ Իսկ նրանք վիետնամցիներին տարել են մի հուշահամալիր և թանգարան, որտեղ մանրակրկտորեն ներկայացված է, թե ինչպես են ավելի քան մեկ դար առաջ թուրքերը կոտորել մեկուկես միլիոն հայերի՝ ցեղասպանելով մի ամբողջ ազգի։ Ու հիմա այդ թուրքերի հետ նրանք այսօր ուզում են բարեկամություն հաստատել և մոռացության տալ պատմական իրողություններն ու 20-րդ դարի՝ մարդկության դեմ ուղղված առաջին ամենամեծ հանցագործությունը։ 

Նիկոլ Փաշինյանը, որ սկզբում գրեթե հերքում էր, որ եղել է ցեղասպանություն, ու քիչ էր մնում` մի բան էլ հայերին մեղավոր հաներ դրանում, ու հետո սկսեց տարբեր արդարացումներով շտկել իր խոսքը, Հայաստան ժամանած հյուրերին Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հետո էլ՝ թանգարան տանելով, հետաքրքիր է, ի՞նչ մեսիջ է հղում իր «բարեկամ» թուրք «եղբայրներին»։ 

Ցեղասպանության հուշահամալիրն ու թանգարանը հուշում են այն մասին, որ մենք չենք մոռացել Օսմանյան Թուրքիայի կողմից մեր կատարվածը, և որ մինչև հիմա դեռ հիշում ու պահանջում ենք։

Իսկ Փաշինյանն ու իր իշխանությունն ասում է՝ ոչ մի պահանջ այլևս չունենք, պետք է վերանայենք պատմական անցքերն ու նորովի արժևորենք կատարվածը։ Այսինքն՝ թեկուզ հիշենք, բայց չպահանջենք։ 

Հիմա ՔՊ-ականներն ու նրանց առընթեր «անկախ» պատգամավոր Գեղամ Նազարյանը Վիետնամից ժամանած հյուրերին տարել էին Ցեղասպանության զոհերի հուշահամալիր ու թանգարան, որ ի՞նչ անեին կամ ի՞նչ ցույց տային, որ հիշում ենք ու պահանջո՞ւմ, թե՞ միայն հիշում՝ առանց պահանջելու։

Եթե այդ այցի մեջ ընդամենը պատմական իրողություններն արձանագրելն է և ոչ ավելին, այսինքն՝ դրանում չկա որևէ պահանջ, որը կփորձեն արտահայտել միջազգային հանրության միջոցով ու նրանց այդ պահանջի շուրջ համախմբելով, հետևաբար՝ ո՞ւմ է պետք այդպիսի արարողակարգային այցը։ Դրա փոխարեն կարելի էր որևէ տուրիստական վայր տանել մեր երկիր ժամանակ հյուրերին։

Իսկ եթե կա, այնուամենյանիվ, պահանջ և մենք դեռ պետական մակարդակով պահանջում ենք, որ աշխարհն ու Թուրքիան ճանաչեն Հայոց ցեղասպանության փաստն, ու Հայաստանը դրանից փոխհատուցում ստանա, ինչպես ստացան հրեաները Գերմանիայից Հոլոքոստի համար, ապա ինչո՞ւ այդ մասին հրապարակավ ու բարձր մակարդակով չի հայտարարվում, այլ մի բան էլ՝ գնալով հետքայլ է արվում այդ պահանջներից ու տարվում մոռացության։ 

Վահե Մակարյան