Վաղը ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը կժամանի ՀՀ․ Միրզոյան

Լինելու է ՀԱՊԿ դիտորդական առաքելություն, և մենք կարծում ենք, որ այն վաղը կժամանի, մնացյալը քննարկելի է։ Այդ մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հարցին՝ ուղղված ՀՀ-ի նկատմամբ ՀԱՊԿ վերաբերմունքին։ 

Պատգամավորը նշել էր, որ ռուսական երրորդ ալիքը լուր էր տարածել, թե ՀԱՊԿ ուժերը հրաժարվել են ՀՀ-ին օգնություն ցուցաբերել։ Նրա խոսքով՝ բացի այդ, ռուսական ալիքը նաև ապատեղեկատվություն է տարածել, իբր, Հայաստանն աջակցություն է խնդրում այն հատվածների համար, որոնք պատկանում են Ադրբեջանին։ 

Ի պատախսան, Արարատ Միրզոյանը նշեց, որ մեր դիմումը ՀԱՊԿ-ը պատշաճ կարգով քննարկել է.

«Ինչ վերաբերում է մեդիաքարոզչությանը, ապա կարծում եմ, որ մեր օրերում մեդիա տարածքում բավականին մեծ խռնաշփոթ կա։ Եվ բազում պսևդոփորձագետներ միտումնավոր կարող են ապատեղեկատվություն տարածել։ Այդ դեպքն էլ գուցե այդպիսինն է»,- ասաց նա։ 

Բացի այդ, Արարատ Միրզոյանի դիտարկմամբ՝ միջազգային հանրության արձագանքն այս անգամ մեծամասամբ բավականին հասցեական էր։ Արձագանքելով ԱԳ նախարարի խոսքին՝ Վիգեն Խաչատրյանն ասաց, որ ի տարբերություն 44-օրյա պատերազմի, այս անգամ Հայաստանը մենակ չէ։