Մելքոնյանին պետք է առաջին հերթին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկել․ սահմանադրագետ

Մելքոնյանին պետք է առաջին հերթին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկել․ սահմանադրագետ

ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է Հռոմի կարգավիճակի վերաբերյալ որոշումը, համաձայն որի՝ այն համապատասխանում է մեր երկրի Սահմանադրությանը: Եվ այժմ գնդակն, ինչպես ասում են, ՀՀ Ազգային ժողովի դաշտում է:

Ի՞նչ է դա և ի՞նչ է տալու մեր երկրին։ Թեմայի շուրջ MediaHub-ը զրուցեց սահմանադրագետ Վարդան Այվազյանի հետ։

Նրա խոսքով՝ եթե ԱԺ-ն վավերացնի Հռոմի քրեական դադարանի ստատուտը, ըստ էության՝ նրա որոշումները մեզ համար կդառնան համապարտադիր, և ստացվում է նաև, որ ՌԴ նախագահի մասով էլ մեր պետությունը պարտականություն է ստանձնում՝ իր տարածքում հայտնաբերելու դեպքում ձերբակալել նրան ու հանձնել Հռոմի քրեական դատարանին։ 

«Սա տրագիկոմեդիայի է նման․ արդեն ՌԴ իշխանությունների արձագանքն էլ մենք տեսանք։ Ու դա նորմալ է։ Կարծում եմ՝ մենք չպետք է վավերացնեինք այդ ստատուտը, հատկապես, որ տեսել ենք միջազգային դատարանների՝ Հայաստանի օգտին ընդունված որոշումների անտեսումը Ադրբեջանի կողմից։ Խոսքը թե՛ Հաագայի դատարանի միջանկյալ որոշման մասին է, թե՛ ՄԻԵԴ-ի միջանկյալ որոշման մասին։ Դրանք ընդամենը թղթի կտորներ էին, դարերից եկող մեր բարոյական հաղթանակներից հերթականը»,- նշեց սահմանադրագետը։ 

Ըստ նրա՝ այս պարագայում Հռոմի կարգավիճակը վավերացնելով, ոչ մի պետություն չի կարող ՌԴ նախագահի դեմ գործողություն կատարել. դա ֆանտաստիկայի ժանրից է։ 

«Ու արդարացված է, որ մեր ռազմավարական դաշնակիցը պահանջում է, որ ՀՀ-ն չվավերացնի այդ ստատուտը։ Հատկապես, որ գործնական առումով որևէ բան ակնկալելը մանկամտություն կլինի»,- ասաց Այվազյանը։ 

Հարցին, թե ի՞նչ է տալու մեզ այդ վավերացումը, արդյո՞ք որևէ օգուտ չենք ունենալու, Վարդան Այվազյանը պատասխանեց՝ իբր դրանով իրավունք ենք վաստակելու դիմելու այդ կառույցին՝ ադրբեջանական հանցագործությունների առումով վարույթներ հարուցելու համար։ 

«Բայց պետք է հասկանալ, որ միջազգային իրավունքի ինստիտուտը փլվել է, գոյություն չունի։ Եվ այսօր առավել քան երբևէ այն հուղարկավորված է։ Օրինակը պարզ է՝ Ադրբեջանը թքած ունի Հաագայի դատարանի որոշման վրա։ Ու դրա համար նրա նկատմամբ անգամ սանկցիա չի կիրառվում։ Հետևաբար, այսօր Հռոմի միջազգային ստատուտին միանալը գոյություն չունեցող, մեռած կառույցին միանալու փորձ է։ Եվ այն պետությունները, որոնք պետք է սանկցիա կիրառեն, էլի թքած ունեն միջազգային իրավունքի վրա։ Նրանք առաջնորդվում են իրավիճակային, ներպետական շահով»,- շեշտեց սահմանադրագետը։ 

Դիտարկմանը, որ մինչ ինքն ասում է, թե մեռած կառույցի ենք միանում ու մեռած ստատուտ վավերացնում, ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանն, օրինակ, վստահություն է հայտնում, որ ՌԴ նախագահին՝ ՀՀ գալու դեպքում ձերբակալելու ենք, Վարդան Այվազյանն արձագանքեց․ 

«ՔՊ-ական այդ պատգամավորին պետք է առաջին հերթին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկել՝ նման կարծիքի համար։ Թեպետ նա օգտվել է իր խոսքի ազատության իրավունքից»։ 

Հիշեցնենք, որ Հռոմի կանոնադրությունը ՀՀ-ն ստորագրել է 1999 թ. հոկտեմբերի 1-ին, վավերացման գործը չէր հասել: Այս փուլում դրա վավերացումը հիմնավորվում է այն հանգամանքով, որ Հայաստանը հնարավորություն կունենա դիմել միջազգային դատարան՝ Ադրբեջանի կամ հարևան պետությունների կողմից ագրեսիայի, ցեղասպանության կամ այլ հանցագործությունների համար: Բայց եթե հիշենք, որ Հաագայի դատարանը դեռ մեկ ամիս առաջ Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված որոշում էր կայացրել և որի վրա մինչ օրս Բաքուն թքած ունի, ապա որքանո՞վ է կարգավիճակի վավերացումն  արդարացված այս փուլում, երբ ի հայտ եկավ ՌԴ նախագահին, այսինքն ՀՀ ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարին ձերբակալելու օրդերը: ՌԴ ԱԳՆ-ն, ի դեպ, աչդեն իսկ զգուշացրել է ՀՀ-ին բացասական հետևանքների մասին:

Նարե Գնունի