Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ՍՊՈՐՏ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հայաստան–Պորտուգալիա խաղի կեղծ տոմսեր վաճառած խարդախները հայտնաբերվում են

Blog Image

Հայաստան–Պորտուգալիա խաղին ընդառաջ խարդախությունների պակաս չի եղել:

MediaHub-ը բազմիցս գրել է, որ բազմաթիվ ահազանգեր ենք ստացել քաղաքացիներից, որ վաճառքի օրը ֆուտբոլասերները մի քանի ժամ սպասել են իրենց հերթին, որպեսզի տոմս գնեն, սակայն դա այդպես էլ չի հաջողվել, բայց փոխարենը հաջողվել է «սպեկուլյանտներին», որոնք էլ համացանցում շուրջ տասն անգամ ավելի թանկ գնով դրանք վաճառեցին։

Բացի այն, որ քաղաքացիները թանկ–թանկ տոմսեր էին գնել, պարզվել էր, որ շատ դեպքերում այդ տոմսերի QR կոդերը կեղծ են, կամ այսպես կոչված վաճառողները ընդհանրապես չեն փոխանցել QR կոդերը գնորդներին։ Քաղաքացիները Ոստիկանություն են դիմել, որ խարդախները հայտնաբերվեն, և հետ վերադարձվեն իրենց գումարները։

MediaHub-ին էր դիմել մի քաղաքացի, որ Հայաստան–Պորտուգալիա խաղին ընդառաջ մի մարդ փորձել էր կեղծ տոմսեր վաճառել, գումարը փոխանցելուց հետո կորել էր և չէր արձագանքում։

«Ես այդ քաղաքացուն զգուշացրեցի, որ եթե գումարը հետ չվերադարձնի, ապա անպայման կդիմեմ Ոստիկանություն։ Նա չարձագանքեց, իհարկե, հույս չունեի, որ Ոստիկանությունը կկարողանա անել այնպես, որ գումարը հետ վերադարձնեն, անգամ երբ գնացի Ոստիկանություն և դիմում գրեցի, ինձ ասացին, որ հավանականությունը շատ չի, որ գումարը հետ վերադարձնեն»,– պատմեց քաղաքացին։

Սակայն սա այդ դեպքը չէր, և մի քանի օր անց՝ երեկ, գումարը հետ է վերադարձվել քաղաքացուն։ 

«Փաստորեն նման բան էլ է լինում, թեև ո՛չ ես, ո՛չ էլ որևէ մեկը նման ելքին չէր հավատում»,- հավելեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ մի քանի օր առաջ ՆԳՆ–ից հայտնել էին, որ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքով ենթադրյալ խարդախությունների վերաբերյալ այդ պահի դրությամբ ՆԳՆ ոստիկանությունում ստացվել էր 10 հաղորդում, որոնցից 5-ը բացահայտվել էր, 1 անձ ձերբակալվել էր, իսկ մյուս 5 դեպքով բացահայտման ուղղությամբ միջոցառումները շարունակվում էին։

Մարիաննա Արամյան

Send