Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Զինվորները, սպայակազմը, քաղբնակչությունն ավելին են արել, քան ՊՆ ցանկացած պատասխանատու անձ․ պատերազմի մասնակից

Blog Image

«Մեզ ասացին, որ Ջերմուկի ուղղությամբ առաջխաղացում կա, և այնտեղ իրավիճակն ավելի ծանր է։ Սեպտեմբերի 13-ի գիշերը համար 1 հրաման իջեցրեցին ու ՊԲ-ի, ԱԱԾ-ի ու աշխարհազոր ուժերի հետախույզներին, խոսքը 100-ից ավելի հետախույզների մասին է, կազմակերպեցին, տեղափոխման պլան մշակեցին ու մեզ բերեցին Հայաստան»,- MediaHub-ին ասում է արցախցի հետախույզը։ 

Այդ օրերին դժվար էր միանգամից մի քանի մեքենայով տղամարդկանց տեղափոխումը՝ Ստեփանակերտ-Գորիս հիմնական ճանապարհով, քանի որ պետք է շրջանցեին Շուշին, որի մուտքի մոտ ադրբեջանցիներն ուժեղացված ծառայություն էին իրականացնում։ Արցախցի հետախույզները անտառային ճանապարհով են գիշերը հասել Վայք, այնուհետև Ջերմուկ։

«Իրավիճակն իսկապես անվերահսկելի էր։ Ադրբեջանը խոշոր տրամաչափի զինատեսակներով գնդակոծել էր Ջերմուկ քաղաքը։ Ամենուրեք խուճապ էր։ Քաղաքացիական բնակչությունը տարհանվել էր։ Քաղաքի տղամարդկանց մի մասը տեղում էր և փորձում էր օգնել ինչով կարող էր։ Մենք էլ անցանք մեր գործին։ Գուցե չպետք է ասեմ, բայց այն ֆոնին, որ այսօր ամեն երրորդը, անգամ պաշտոնյաներն ասում են՝ «Արցախցիները չեն կռվել», պետք է անպայման նշեմ․ «ՊՆ-ն սեպտեմբերյան մարտերի ժամանակ բացարձակ անկազմակերպ է գործել։ Ոչ ոք իր տեղում չէր։ Շարքային զինվորները, երիտասարդ սպայակազմը, քաղբնակչությունն ավելին են արել, քան ՊՆ ցանկացած պատասխանատու։ Չեմ ասում, թե Ջերմուկն արցախցիներն են պահել, ո՛չ, մենք նույնիսկ մարտական գործողություններին ամբողջությամբ չենք ներգրավվել, հետախուզություն էինք իրականացնում բաց երկնքի տակ, գործի ենք դրել մեր հմտությունները, կիրառել դրոններ ու այլ սարքավորումներ, հետ մղել թշնամու գերազանցող զորքի առաջխաղացումը։ Արել հնարավորը՝ քիչ զոհեր ունենալու և կուրորտային քաղաքը պահելու համար»,- նշում է մեր զրուցակիցը։ 

Արցախցի հատուկ ջոկատայինների հիմնական անելիքը սկսվել է սեպտեմբերի 15-ից հետո։ Մինչև սեպտեմբերի 26-ը նրանք եղել են Ջերմուկի և Սյունիքի ուղղություններում, շրջափակումից հանել ողջ մնացած զինվորների, ինչպես նաև իրականացրել ինժեներական աշխատանքներ, մասնակցել նոր դիրքերի կառուցման ու կահավորման աշխատանքներին, որի ընթացքում ադրբեջանական զորքը մի քանի անգամ փորձ է արել ավելի հարմար դիրքերում տեղավորվել։ «Չի՛ հաջողվել, հետ ենք մղել»։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանի մեր հայրենակիցները դժվար են ընկալում, թե ի՞նչ իրավիճակ էր իրականում 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։ 44-օրյա պատերազմի ավարտը ոչ թե խաղաղության, այլ Արցախի շրջափակման մասին էր։ Չկար ազատ տեղաշարժ, ռազմավարական բոլոր բարձունքները մեկ ստորագրությամբ հանձնվել էր թշնամուն։ Կյանքի միակ ճանապարհն անցնում էր ադրբեջանցիների ուղիղ աչքի առաջ։ 

«Երկրապահ կամավորների միության ազատամարտիկներից մեկը չիմանալով, որ Արցախից ջոկատ է հասել գիշերը, բարձրաձայն սկսեց բողոքել, թե «Ո՞ւր են արցախցիները, մենք գնացել ենք կռվել Արցախի համար, իսկ այնտեղից ձեն չկա»։ Մոտեցա նրան, ասացի, որ մեր զորքը գիշերվանից այստեղ է ու  մեծ դժվարությամբ ենք հասել, մի մասը հիմա գործողության մեջ են։ Հավատացեք, բոլորը կգան, եթե լինի դրա անհրաժեշտությունը և ձևը։ Դժվար էր մարդկանց բացատրել, որ անհնար է զորքի ու զենքի տեղաշարժը, քանի որ բոլորը նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից հետո դիտարկվում էր Ադրբեջանի կողմից»,- հավելում է հետախույզը։

Հայաստանի Հանրապետության տարածքները գրավելու հավակնություններն Ադրբեջանը սկսել է դեռ 2021 թվականից, գրավել դիրքեր, գերեվարել զինծառայողների։ Հիմնական լայնամասշտաբ գործողությունը սակայն, սկսվել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ին, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է 224 զոհ, ավելի քան 20 գերևարված և 293 վիրավոր։ Բացի այդ, հայկական կողմը կորցրել է տասնյակ հեկտարներով տարածք, ինչպես նաև բազմաթիվ բնակավայրերում բնակֆոնդի ու ենթակառուցվածքների ավերածություններ։

Հունան Թադևոսյան

Send