Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Քննչական կոմիտեի նախագահը և Նիդերլանդների դեսպանը հավաստագրեր են հանձնել վերապատրաստում անցած քննիչներին

Blog Image

2025 թվականի նոյեմբերի 10-13-ը «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել վերապատրաստման քառօրյա ծրագիր՝ ուղղված Քննչական կոմիտեի օպերացիոն և ռազմավարական կարողությունների ամրապնդմանը: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։ 

 

Ծրագրի նպատակն է՝ խորացնել քննիչների գիտելիքները միջազգային քրեական իրավունքի և դատավարության վերաբերյալ, օգնել այդ գիտելիքները վերածել արդյունավետ քննչական ռազմավարությունների և գործնական մոտեցումների, ստեղծել փոխադարձ փորձի և գործընկերային ուսուցման հարթակ, աջակցել Հայաստանին՝ միջազգային չափանիշներին և տեղական համատեքստին համապատասխան ինստիտուցիոնալ մոտեցումների ու գործիքների մշակման գործում:

«Վերապատրաստման ծրագրի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային հանցագործությունների գործերում ապացույցների ստանդարտներին, պատասխանատվության վերագրմանը և պատասխանատվության ձևերին, վկաների պաշտպանությանը, միջազգային մարմինների՝ մասնավորապես ՄՔԴ-ի և Եվրաջասթի հետ գործնական համագործակցությանը: Ծրագիրը հնարավորություն է տալիս քննիչներին՝ սովորած հմտությունները կիրառել անմիջապես առկա աշխատանքում, գործնականում աշխատել մենթորների հետ՝ սեփական աշխատանքային միջավայրում, թիմային և գործնական աշխատանքների միջոցով կառուցել ինստիտուցիոնալ հիշողություն»,-նշված է հաղորդագրության մեջ։

 

Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ վերապատրաստման ծրագրի ամփոփման օրը՝ նոյեմբերի 13-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին:

Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին, փորձագետներ Իգնասիո Տրեդիչիին և Գուրգեն Պետրոսյանին՝ Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ և «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացված՝ քննիչների մասնագիտական կարողությունների կատարելագործմանն ուղղված ծրագրի իրականացման համար:

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին՝ արդյունավետ համագործակցության համար և պատրաստակամություն հայտնել նախաձեռնության շարունակականության ուղղությամբ:

«Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հռոմի կանոնադրության վավերացմամբ Հայաստանի ստանձնած էական հանձնառություններին՝ հատկապես միջազգային հանցագործությունների քննության ապահովման առաջնագծում կանգնած քննիչների համար: Այդ հանձնառությունների ու փոխլրացման սկզբունքի բերումով Հայաստանի քննչական մարմիններն այժմ եզակի դիրք ունեն՝ քննություն իրականացնելու այնպիսի հանցագործությունների վերաբերյալ, որոնք կարող են ենթարկվել միջազգային իրավական գնահատականի: Քննչական կոմիտեի նախագահն ու Նիդերլանդների դեսպանը ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած քննիչներին հանձնել են հավաստագրեր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Միջոցառումն իրականացվում է «Աջակցություն ՀՀ կառավարությանը Հռոմի ստատուտի հետ վավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ:

Send