Տիգրանաշենցին ապրելու է իր առօրյա կյանքով

Նիկոլ Փաշինյանի՝ Գրանադայում ստորագրած փաստաթղթից հետո պարզ դարձավ, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Արցախի Հանրապետությունից զատ, Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնելու հայկական 8 գյուղեր, որոնք համարվում են անկլավներ։
Փաշինյանը սա հաստատեց նաև երեկ՝ հարցազրույցի ժամանակ։
Անկլավ համարվող Տիգրանաշենի վարչական ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ չի կարող հստակ ասել, թե ինչ է իրենից ենթադրում անկլավների փոխանակման գործընթացը, սակայն մի բան պարզ է, որ իրենք իրենց գյուղի տերն են։
«Տիգրանաշենցին ապրելու է իր առօրյա կյանքով. իր տունն է, իր հողն ու ջուրն է։ Բայց ես չեմ կարող պատասխանել, թե ինչ գործընթաց է լինելու։ Այնպես չէ, որ հիմա հասունացել է մի իրավիճակ, որ պետք է գյուղը թողնենք ու դուրս գանք, մեզ ոչ ոք չի ասել, որ պետք է գյուղը լքենք»,- ասաց նա։
Ստեփանյանը նշեց, որ այս հարցերը պետք է ուղղել իրավասու մարմիններին.
«Գուցե որոշ բաներ մենք սխալ ենք հասկանում, սխալ մեկնաբանում, բայց իրենք պիտի ասեն, թե ինչ է փոխանակվում ու ինչի համար»,- հավելեց նա:
Լիաննա Թորոսյան