Փաշինյանն իր խոսքով հանգստացնող հաբ էր ուզում փոխանցել Մոսկվային

Կարևորագույն ազդակը, որը երեկ Փաշինյանը փոխանցեց Մոսկվային, այն է, որ Հայաստանը չի հեռացել կազմակերպություններից և շարունակում է հետևել պայմանագրերին։ Այս նախադասությունը պարզապես կարելի է որակել որպես հանգստացնող հաբ Մոսկվայի համար, առ այն, որ Հայաստանը ինստիտուցիոնալ առումով շրջադարձ չի կատարելու։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեց «Հայկական նախագծի» համահիմնադիր, «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը:
«Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում և այլ կազմակերպություններում, սակայն մենք տեսնում ենք, որ դե ֆակտո անդամակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում արդեն հասել է այն աստիճանի, որ Հայաստանը չի մասնակցում նիստերին և հրաժարվում է իր քվոտաներից։ ԱՊՀ-ում նույնպես Հայաստանը նվազեցնում է իր մասնակցության աստիճանը և այս գործընթացը լինելու է շարունակական: Իրավաբանորեն Հայաստանը շարունակելու է մնալ կազմակերպությունների անդամ, բայց այս գործընթացներին զուգահեռ Հայաստանը շարունակելու է աշխատել Արևմուտքի հետ և փորձելու է ավելացնել իր մասնակցությունը արևմտակենտրոն կազմակերպություններում»,- նշեց Մելքոնյանը։
Միջազգայնագետի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունները հաստատուն կերպով աստիճանաբար անկում են ապրում։ Բազմաթիվ ձևերով կարելի է դիսկուրս ստեղծել դե ֆակտո իշխանությունների վերաբերյալ։ Եթե Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դաշնակցային էին, ապա Հայաստանը սկսեց դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, այդ թվում ռազմատեխնիկական համագործակցության և քաղաքական դիալոգի տեսակյունից։ Հանուն արդարության պետք է նշել նաև, ասում է մեր զրուցակիցը, որ նույնն անում էր Ռուսաստանը՝ բազմամիլիոնանոց զենք վաճառելով Ադրբեջանին և պայմանագիր կնքելով դաշնակցային հարաբերությունների մասին 2022թ-ին (Մոսկովյան հռչակագիր դաշնակցային փոխգործակցության մասին – խմբ.)։
«Հայ-ռուսական հարաբերությունները չեզոքից հետևողականորեն դառնում են թշնամական և այստեղ կան երկու կարևոր ցուցիչներ․ առաջին՝ Մոսկվան հայտարարել է պաշտոնապես, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը գնահատում է որպես թշնամական քայլ և երկրորդ ՝ այս տարվա սկզբին ՀՀ դե ֆակտո վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանի տարածքում ոչ թե անվտանգության երաշխիք է, այլ լիովին հակառակը՝ ՀՀ սահմանների վտանգման երաշխիք»,- նշեց Մելքոնյանը։
Շարունակելով խոսքը, Մելքոնյանը նշեց, որ Գրանադայի հայտարարության ստորագրությամբ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացրեց Ադրբեջանի հարձակումը Տավուշի և Արարատի վրա և Ալիևի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը շարունակում է օկուպացիայի մեջ պահել տարածքներ, սկսեցին ավելի հաճախ և հաստատուն հնչել հենց Գրանադայի ստորագրությունից հետո։ Բաքվի պաշտոնական ամբողջ դիսկուրսը այս պահին հղում է կատարում հենց այդ հայտարարությանը, շեշտեց մեր զրուցակիցը.
«ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը իր հարցազրույցում հայտնել էր, որ սպասվում է հարձակում Ադրբեջանի կողմից և ռիսկերը բավական լուրջ են, մինչդեռ երեկ Փաշինյանը հայտարարում է, որ էսկալացիայի վտանգը մոտ է 0-ին։ Իրավական տեսանկյունից Գրանադայի ստորագրությունը չի կարող համարվել լեգալ, քանի որ այն հակասում է ՀՀ սահմանադրությանը։ Ինչ ուզում է խոսի և ինչ ուզում է անի՝ ամեն քայլով Փաշինյանը ստեղծում է լեգիտիմ հիմքեր, որոնք ՀՀ Սահմանադրությամբ լեգալ չեն և մեծ հաշվով կարելի է այդ քայլերն անվանել հանցագործություն»,- եզրափակեց Մելքոնյանը։
Մարիա Զարգարյան