Թրամփը խնդրել է Մակրոնին լքել հանդիպման վայրը, իսկ Ֆրանսիայի նախագահը հերքել է այս տեղեկությունը

Թրամփը խնդրել է Մակրոնին լքել հանդիպման վայրը, իսկ Ֆրանսիայի նախագահը հերքել է այս տեղեկությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին լքել հանդիպման վայրը՝ Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից կարճ ժամանակ առաջ։ Այս մասին գրել է բրիտանական «The Sun» թերթը՝ հղում անելով շրթունքներով կարդալու մասնագետ Նիկոլա Հիքլինգին։

Նրա խոսքով՝ Թրամփը դիմել է Մակրոնին և ասել. «Սա Ձեր տեղը չէ, ես ուզում եմ, որ ինձ մի բարեհաճություն անեք, Դուք չպետք է այստեղ լինեք»։

Հիքլինգի խոսքով՝ այս խոսքերից հետո Զելենսկին գլխով է արել՝ համաձայնելով իր ամերիկացի գործընկերոջ խոսքերի հետ, իսկ մոտակայքում կանգնած Վատիկանի քահանան անհանգստացած շրջվել է, երբ լսել է նրանց զրույցը։

Փորձագետը նաև վերծանել է Թրամփի և Զելենսկու միջև հանդիպման ժամանակ տեղի ունեցած զրույցի մի հատված։ Ըստ նրա՝ Զելենսկին ասել է. «Ես կցանկանայի, որ դուք դա անեիք, բայց ոչ այս կերպ»։ Ի պատասխան՝ Թրամփը նշել է. «Սա շատ հետաքրքիր ռազմավարություն է։ Կարող եք վստահ լինել»։

Մակրոնն ասել է, որ Թրամփը չի վռնդել իրեն Վատիկանում Զելենսկու հետ հանդիպումից։

Ֆրանսիայի նախագահը «Paris Match»-ին տված հարցազրույցում ասել է, որ չի պլանավորել հանդիպել Թրամփի հետ։ Նրա խոսքով՝ նրանք մի քանի րոպե զրուցել են Սուրբ Պետրոսի տաճարում, որտեղ Ֆրանսիայի առաջնորդը Սպիտակ տան ղեկավարին ասել է, որ անհրաժեշտ է «շատ ավելի կոշտ լինել ռուսների հետ»։

«Այնուհետև ժամանեց նախագահ Զելենսկին, և մենք զրույց ունեցանք Քիր Սթարմերի հետ։ Մենք կոչ արեցինք նախագահներ Թրամփին և Զելենսկիին վերսկսել գաղտնի քննարկումն ու քննարկել առաջիկա շաբաթների կազմակերպչական հարցերը։ Ահա թե ինչ էլ նրանք արեցին», - ասել է Մակրոնը։

Նա նաև հաստատել է այն տարբերակը, որ երրորդ աթոռը սկզբում դրվել է թարգմանչի համար, սակայն հետո այն հանվել է, քանի որ Զելենսկին որոշել է խոսել անգլերեն։