Նոր հանձնարարություն՝ Արևմուտքի՞ց

Նոր հանձնարարություն՝ Արևմուտքի՞ց

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ բաց տեքստով հայտարարել է՝ Ռուսաստանը չկարողացավ կանխել հայ-ադրբեջանական սահմանի՝ Սյունիքի Ներքին Հանդի հատվածում տեղի ունեցած վերջին արյունալի միջադեպը, որին զոհ գնաց հայաստանցի 4 պայմանագրային։ Հաստատել է՝ ԵՄ դիտորդական առաքելությունը Ներքին Հանդ հասանելիություն չունի։

Հայաստանում հարաճուն հակառուսականության համատեքստում այս հայտարարությունը տարօրինակ չէր հնչի, եթե Ներքին Հանդի իրադարձությունների վերաբերյալ նախապես պաշտոնական Երևանն այլ վարկած առաջ քաշած չլիներ: Ավելի ճիշտ, Բաքուն Երևանին մեղադրեց, որ առաջին կրակոցը հնչել է մեր դիրքերից, այս վարկածն անուղղակիորեն ընդունվեց պաշտոնական Երևանի կողմից, իսկ հետո լեգիտիմացվեց արևմտյան հարթակներում:

Փաշինյանի մյունխենյան այցից հետո ԱԽ քարտուղարը պատասխանատվությունը դնում է Ռուսաստանի վրա: Կարծում եմ՝ անգամ ավելորդ է խոսել այն մասին, որ այս թեմայով Փաշինյանը արևմտյան «հանձնարարություն» է ստացել:

Բայց Արմեն Գրիգորյանի հարցազրույցից մեկ այլ տպավորություն կարելի է ստանալ, որ մեր սահմանների այս կամ այն հատվածների անվտանգության համար պատասխանատու են եվրոդիտորդները կամ ռուսները: 

Ամբողջ օրը ինքնիշխանությունից խոսող Հայաստանի իշխանության «ջանքերով» Հայաստանը կորցրել է իրական սուբյեկտությունը և վերածվել է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցության գոտիների:

Վահրամ Բագրատյան