Դաշնակի՞ց, թե՞ «փրկիչ»

Դաշնակի՞ց, թե՞ «փրկիչ»

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Լեկորնյուն երեկ երեկոյան ժամանեց Հայաստան: Սա պատմական իրադարձություն է, որովհետև Ֆրանսիայի ՊՆ֊ն առաջին անգամ է այցելում Հայաստան:

Լեկորնյուն դատարկաձեռն չէր եկել. երեկ Հայաստան է առաքվել նաև պաշտպանական  սպառազինության ֆրանսիական խմբաքանակը (գիշերային տեսանելիության սարքեր, GM200 ռադարներ), ինչի մասին կողմերը պայմանավորվել էին դեռ 2023թ. հոկտեմբերին։ 

Այսօր Հայաստանի ՊՆ և Ֆրանսիայի ԶՈւ նախարարները համագործակցության մասին նոր համաձայնագրեր են ստորագրել Երևանում։ Համաձայնագրեր են ստորագրվել նաև ֆրանսիական պաշտպանական կազմակերպությունների հետ։

Այս ամենը լավ է՝ ինչքան շատ երկրների հետ Հայաստանը ռազմատեխնիկական համագործակցություն ունենա ու սպառազինություն ձեռք բերի, այնքան լավ:
Մտահոգիչ է այլ հանգամանք:

Ֆրանսիայի ՊՆ նախարարի այցը շեշտված ցուցադրական բնույթ է կրում, որը, մի կողմից, պայմանավորված է Փարիզի աշխարհաքաղաքական շահերով, մյուս կողմից՝ Հայաստանի իշխանության հակառուսական հայտարարություններով, արտաքին քաղաքական շրջադարձի դրսևորումներով:

Սա ոչ թե արտաքին քաղաքականության կամ սպառազինության ձեռքբերման դիվերսիֆիկացիա է, այլ կտրուկ շրջադարձ, որը կարող է անվտանգային լուրջ խնդիրներ ստեղծել Հայաստանի համար: Այլ խոսքով՝ Ֆրանսիայի ռազմական առաքումները համարժեք չեն այն մարտահրավերների հետ, որոնք կարող են առաջանալ հայ- ռուսական հարաբերությունների լարվածության հետևանքով: Մեծ է հավանականությունը, որ կարող են կրկնվել 1920-ի իրադարձությունները:

Եվ ամենակարևորը՝ մեր տպավորությամբ ոչինչ չի փոխվել մեր մտածողության մեջ. տասնամյակներ շարունակ Ռուսաստանի դեմքով ենք «փրկիչ» փնտրել, հիմա նույնն անում ենք Ֆրանսիայի հետ կապված: Արդյունքում՝ մենք ոչ թե դաշնակից ենք ունենալու, այլ հուզական տոնով կարեկիցներ:

Վահրամ Բագրատյան